Մատչելիության հղումներ

33-րդ թաղամասի բնակիչներից մի քանիսի վտարման գործն ավարտվում է, փաստաբանները դատավորի գործողություններն ապօրինի են համարում


33-րդ թաղամասի բնակիչիներից մի քանիսի վտարման գործի դատաքննությունն այսօր ավարտվել է, դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, «Ազատությանը» հայտնեց Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից Մհեր և Անահիտ Սաֆարյանների փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Վճիռը կհրապարակվի հունիսի 20-ին։

Մինչ այդ, սակայն, բնակիչների փաստաբանները պնդում են, որ դատավոր Մուրադ Հովակիմյանն ապօրինի գործողություններ է իրականացրել, մերժել իրենց միջնորդությունները, արագացված կարգով նիստեր անցկացրել։

«Եկել են ու ուզում են քաղաքացիներին 20 անգամ, 30 անգամ էժան գնով իրենց տարածքից վտարել, որպեսզի այդ տարածքը վերցնեն ու հանձնեն «Սիթի սենթըր դիվելըփմենթ» ընկերությանը։ Այս ընկերությունն էլ հավանաբար կոռուպցիոն մեխանիզմներով կտա…Հավանաբար այս ամեն ինչի հետևում կանգնած է շատ բարձրաստիճան պաշտոնյա, որ դատավորը սենց հլու-հնազանդ, ահաբեկված, անընդհատ գնում էր հեռախոսազանգով, գալիս էր ու բոլոր նորմերը խախտեց, շատ ահաբեկված էր», - ասաց Հայրապետյանը։

Դատարանում Վարյա Սաֆարյանի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Ասատրյանը դատաքննության հապճեպությունը կապում է պաշտպանյալի տան հարակից տարածքում ընթացող շինարարությամբ։ Ըստ նրա՝ Սաֆարյանների տունը խանգարում է շինարարության շարունակմանը։

«Գործը վերաբերում է 33-րդ թաղամասի բնակիչներից մեկին՝ Վարյա Սաֆարյանին և իր ընտանիքի, ընտանիքի անդամների դեմ հարուցված դատական գործին, որտեղ կառուցապատողը պնդում է, որ այդ անձանց վտարեն տարածքից, և իր կառուցապատման ծրագիրն այդ տարածքում տեղի ունենա։ Այդ դատական գործը տեղի է ունենում շատ արագ, շատ հապճեպ։ Վերջին դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 22-ին, և ընդամենը 15-16 օրվա ընթացքում դատարանը դատական նիստերը նշանակում էր, և սա ենթադրում ենք այն պատճառաբանությամբ, որ այդ գույքը գտնվում է այնպիսի հատվածում, որտեղ տեղի է ունենում շինարարություն և խանգարում է այդ շինարարությանը», - ասաց փաստաբան Ասատրյանը։

Կառավարության որոշմամբ 2006-ին 33-րդ թաղամասը, որի մեջ մտնում են նաև Ֆիրդուսի ու հարակից մի քանի թաղամասեր, ճանաչվել են գերակա շահ։ Դեռ այդ թվականին հաստատված կառուցապատման ներդրումային ծրագիրը չի կատարվել։ Այնուհետև այս տարածքը գերակա շահ ճանաչելու մասին երկրորդ որոշումն ընդունվել է 2018թ.-ի մարտին՝ Հայաստանի նոր իշխանությունների օրոք։ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, ըստ ծրագրի, կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ են կառուցվելու: Տարածքի շուրջ 11 հազար քառակուսի մետրը կանաչապատվելու է:

Քաղաքապետարանը կառուցապատողի հետ համաձայնության չեկող բնակիչներին մայրաքաղաքի այլ մասերում է տներ առաջարկել։ Բայց բնակիչները հրաժարվում են՝ պնդելով, որ նույնիսկ Երևանի ծայրամասում կդժվարանան այդ գումարով տուն գնել։ Երևանի իշխանությունները, սակայն, հակադարձում են՝ օրենքով են առաջնորդվում։ Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը պնդում է՝ գները որոշում են ոչ թե իրենք կամ կառուցապատողները, այլ՝ գնահատող կազմակերպությունները։

XS
SM
MD
LG