Մատչելիության հղումներ

«Համապատասխան գումար թող ինձ տան, ես բնակարանը ազատեմ». Ֆիրդուսի բնակիչ


Հարկադիր կատարողները 33-րդ թաղամասում
Հարկադիր կատարողները 33-րդ թաղամասում

Այսօր Երևանի կենտրոնում դռներ էին կոտրում ու պատշգամբից տուն մտնում։ Ընդ որում, գործողության հեղինակները օրենքի մարդիկ էին։

Ֆիրդուսում կրկին լարված էր։ Հանրային գերակա շահ ճանաչված թաղամաս այսօր հարկադիրներ էին եկել՝ հարուցելով բնակիչների զայրույթը։

Այս գործողությունների նպատակը 33-րդ թաղամասում բնակվող Սաֆարյանների գույքը չափագրելն էր, ինչպես հարկադիրն է բացատրում՝ «կատարողական գործողություններ են իրականացրել իրենց կատարողականը կատարելու համար»։

Բղավոցներ, հրմշտոց... ի վերջո օրենքի ներկայացուցիչներն ուժ կիրառեցին՝ այդ թվում տարեց կնոջ նկատմամբ, որը փորձում էր փակել հարկադիրների ճանապարհը։

Ֆիրդուսի այս պատմությունը չի հանգուցալուծվում արդեն երկար տարիներ: 33-րդ թաղամասը հանրային գերակա շահ ճանաչվել է դեռ 2006 թվականին։ Այն ժամանակ, սակայն, կառուցապատման ներդրումային ծրագիրը չի իրականացվել։ 2018-ի մարտին այս ամբողջ տարածքը կրկին գերակա շահ ճանաչվեց։

Իշխանությունները հայտարարեցին թաղամասի վերակառուցման մեկնարկի մասին։Այստեղ նախատեսվում է հրապարակ, նոր փողոցներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։

Քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ այս տարիների ընթացքում ֆիրդուսցիների ճնշող մեծամասնության հետ հարցերն արդեն կարգավորված են 90 տոկոսով։ Մյուսների հետ այս վեճը դեռ շարունակվում է։

Առայժմ չօտարված տարածքներից մեկը հենց Սաֆարյաններին է պատկանում։ Ընտանիքը պնդում է՝ կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոմփենթ» ընկերությունից իրենց ասել են՝ 750 դոլար են վճարելու մեկ քառակուսի մետրի համար, այնինչ բնակելի համալիրում, որը պետք է կառուցվի այստեղ, գինն ավելի քան 3000 դոլարից է սկսվում։

Սաֆարյանները պատրաստ են կառուցապատողի հետ համաձայնության գալ, եթե իրենց ունեցած ամբողջ սեփականությունը գնահատվի իրական շուկայական գներով։

Գնահատող ընկերությանն ընտանիքը չի վստահում՝ շեշտելով, թե դատարանը կառուցապատողի առաջարկած ընկերությանն է ընտրել, իրենք բողոքարկել են, գործը դեռ քննվում է։ Բայց գնահատողն ու հարկադիրներն չեն համբերում։

«Դատավորը որոշեց, որ պետք ա գնահատողի իրավունքները տա հայցվորի ներկայացուցիչների իսկ առաջարկած գնահատող կազմակերպությանը։ Մենք առարկեցինք, բայց դատարանը, ինչպես միշտ, շատ ծանրաբեռնված ա աշխատում, որ մեր հայցերը մնում են երկարատև ժամկետի մեջ, իսկ իսկ իրանց հայցերը բավարարվում են րոպեների ընթացքում։ Ըդտ տվյալների, մնացել ենք 48 բնակիչ։ Մյուսները, որոնք ժամանակից առաջ են համաձայնվել, տարբեր եղանակներով իրացվել է», - ասում է բնակիչներից մեկը։

Կառուցապատող ընկերությունից շաբաթներ առաջ «Ազատությանը» հայտնել էին, որ 750 դոլարը նախնական թիվ է, գուցե գույքը գնահատելուց հետո փոխվի, ինչպես նաև պնդել էին, թե իրենց առաջարկով ընտրված գույքագրող ընկերության հետ ոչ մի շահ չունեն։

«Կենտրոնում ես էլ ուզում բնակվեմ։ Ուրեմն համապատասխան գումար թող ինձ տան, ես բնակարանը ազատեմ։ Կենտրոնին համարժեք գումար», - ասում է մեկ այլ բնակիչ։

Բնակիչները կասկած չունեն, որ Հյուսիսային պողոտայի պատմությունն է կրկնվում, երբ շատերին համարժեք փոխհատուցում չտալով, հանեցին իրենց տներից ու տեղում շքեղ շենքեր կառուցեցին։

XS
SM
MD
LG