«Փոթորկված ենք հույզերով». Ալսու Կուրմաշևայի ամուսինը՝ լրագրողի ազատման մասին

Ալսու Կուրմաշևան և դուստրերը, ԱՄՆ, 2-ը օգոստոսի, 2024թ.

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևայի ամուսինը՝ Պավել Բուտորինը, որը ևս աշխատում է նույն լրատվամիջոցում, երեկ Վաշինգտոնի մոտակայքում նրա վերադարձին սպասելիս պատմել է այն փորձությունների մասին, որոնք ընտանիքը կրել է Կուրմաշևայի անօրինական բանտարկության ընթացքում։ Այն տևեց ավելի քան ինը ամիս։

Ալսու Կուրմաշևան ռուսական բանտից ազատ արձակվեց Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կալանավորների վերջին փոխանակումից հետո։

«Հենց հիմա մենք շատ հուզված ենք, դեռ փորձում ենք հասկանալ այն, ինչ իրականում տեղի ունեցավ մեզ հետ այսօր՝ լինել Սպիտակ տանը, լսել Ալսուի ձայնը Օվալաձև գրասենյակից, նախագահ Բայդենի կողքին, դա շատ յուրահատուկ բան էր: Բայց, մեզ համար աներևակայելի դժվար տարի էր, և ես ուրախ եմ, որ այս ճանապարհորդության վերջում ենք, և հիմա մենք անհամբեր սպասում ենք Ալսուին գրկելուն և օգնելուն նրան վերաինտեգրվել ազատ աշխարհ՝ Ռուսաստանում այսքան ամիս անարդար բանտարկությունից հետո», - նախքան կնոջ վերադարձից քիչ առաջ տված հարցազրույցում ասել է Պավել Բուտորինը։

Ալսու Կուրմաշևայի ամուսինը շեշտել է՝ ականատեսն ենք «ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների վճռականության և կարեկցանքի պատմական ակտի», որը ցույց է տալիս՝ ազատ աշխարհը մարդկային կյանքն ու ընտանիքը ամենից վեր է դասում, նույնիսկ «եթե դա նշանակում է իրական հանցագործների փոխանակում»` ինը ամսից ավելի անօրինական կերպով կալանավորված ամերիկացիներին փրկելու համար:

Նրա պնդմամբ՝ իր կինը ռուսական բանտարկության մեջ զրկված է եղել մարդկային տարրական արժանապատվությունից։

«Նրան պահել են սարսափելի բանտային պայմաններում, մերժել երեխաների հետ հեռախոսազանգերի հնարավորությունը, մերժել հյուպատոսական այցելությունները որպես Ամերիկայի քաղաքացի, նրան զրկել են պատշաճ բժշկական օգնությունից և գաղտնի դատավարությամբ դատապարտել մի հանցագործության համար, որը նա չէր գործել», - ասել է Պավել Բուտորինը՝ հավելելով, որ նրան բանտում են պահել բացառապես այն պատճառով, որ ամերիկացի է և ամերիկացի լրագրող:

Պավել Բուտորինը նաև նկատել է՝ այս փորձության ողջ ընթացքում Ալսուի դուստրերը ցուցաբերել են անհավանական քաջություն, դարձել են «Ազատություն Ալսուին» (Free Alsu) գործի լավագույն ջատագովները:

«Եվ Ալսուն ոչ միայն կգտնի, որ նրանք ավելի են հասակ առել, միգուցե իրենից ավելի բարձրահասակ են դարձել, այլ նաև, որ նրանք երկու օրիորդներ են, որոնք ավելի հասուն են և ավելի վճռական ազատ խոսքի և արտահայտվելու իրենց իրավունքների պաշտպանության հարցում՝ որպես ամերիկացիներ: Մեծ մասամբ նրանց՝ մեր դուստրերի շնորհիվ է, որ մենք կարողացանք դիմակայել այս փորձությանը: Մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ կկարողանանք գրկախառնվել Ալսուի հետ: Սա շատ զգացմունքային օր էր, և ես կարծում եմ, որ մի փոքր ավելի զգացմունքային կլինի, երբ մենք իրականում կտեսնենք նրան», - ասել է նա։

Քաղբանտարկյալներին տեղափոխող ինքնաթիռը երեկ վայրէջք կատարեց Վաշինգտոնի ռազմական օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորելու էին եկել ընտանիքի անդամներն, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը: