Մատչելիության հղումներ

«Ողջունում ենք Ալսուի մոտալուտ ազատ արձակման մասին լուրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ նախագահ


«Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևան
«Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևան

«Ազատ Եվրոպա-Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է՝ ողջունում ենք թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի ազատ արձակման մասին լուրը:

«Մենք ողջունում ենք Ալսուի սպասվող ազատ արձակումը և երախտապատ ենք ամերիկյան կառավարությանն ու այն բոլոր մարդկանց, որոնց անխոնջ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ վերջ տալ Ռուսաստանում նրա անարդարացի ազատազրկմանը», - հայտարարել է Կապուսը։

Նա հայտարարել է, որ Կուրմաշևայի «ազատ արձակումը մեզ ավելի վճռական է դարձնում՝ ապահովելու «Ազատություն» ռադիոկայանի Բելառուսում և Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում դաժանորեն բանտարկված ևս երեք լրագրողների ազատությունը»:

«Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ անարդարացիորեն կալանավորված մեր բոլոր լրագրողները տուն չեն վերադարձել: Լրագրությունը հանցագործություն չէ», - նշել է նա:

Ալսու Կուրմաշևան Թաթարստանում կալանքի տակ պահվեց 8 ամիս՝ որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու, ռուսական բանակի մասին «կեղծիքներ տարածելու» մեղադրանքներով։

ՌԴ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող լրագրողը դատարանի վճռի համաձայն բանտում պետք է անցկացներ ևս 6,5 տարի, ինչը «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» արդարադատության ծաղր է համարում շարունակաբար պահանջելով ՌԴ իշխանություններից անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված երկու անչափահաս երեխաների մորը։

Կուրմաշեւայի իրավունքների համար պայքարող կառույցները պնդում են , որ նա թիրախավորվել է բացառապես իր լրագրողական գործունեության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG