Մատչելիության հղումներ

Ամիսների գաղտնի բանակցություններ՝ նախկին, ներկա պաշտոնյաների մասնակցությամբ. մանրամասներ փոխանակումից


ԱՄՆ վերադարձած Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշևան զրուցում են նախագահի պատանդների հարցերով հատուկ բանագնաց Ռոջեր Կարսթենսի հետ, Տեխաս, ԱՄՆ, օգոստոսի 2, 2024թ.
ԱՄՆ վերադարձած Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշևան զրուցում են նախագահի պատանդների հարցերով հատուկ բանագնաց Ռոջեր Կարսթենսի հետ, Տեխաս, ԱՄՆ, օգոստոսի 2, 2024թ.

Ռուսական բանտերից ազատ է արձակվել 16 քաղբանտարկյալ

Ռուսական բանտերից ազատ արձակված երեք ամերիկացիները, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալսու Կուրմաշևան արդեն Միացյալ Նահանգներում են՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կալանավորների վերջին փոխանակումից հետո, որն ամենամեծն էր Սառը պատերազմից ի վեր։

Քաղբանտարկյալներին տեղափոխող ինքնաթիռը երեկ վայրէջք կատարեց Վաշինգտոնի ռազմական օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորելու էին եկել ոչ միայն ընտանիքի անդամներն, այլև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը:

«Ազատության» թղթակից Ալսու Կուրմաշևային նախ ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը ողջունեցին, հետո երկու երեխաների մայրը ողջագուրվեց ընտանիքի հետ, որից ստիպված էր բաժանվել ինը ամիս առաջ ռուսական դատարանների որոշմամբ։

Ալսու Կուրմաշևան ողջագուրվում է ընտանիքի անդամների հետ
Ալսու Կուրմաշևան ողջագուրվում է ընտանիքի անդամների հետ
Էվան Գերշկովիչը և մայրը
Էվան Գերշկովիչը և մայրը

Քամալա Հարիսը, Փոլ Ուիլանը և Ջո Բայդենը
Քամալա Հարիսը, Փոլ Ուիլանը և Ջո Բայդենը

Պատմական այս փոխանակման արդյունքում ռուսական բանտերից ազատ է արձակվել 16 քաղբանտարկյալ, այդ թվում՝ պետական դավաճանության հոդվածով 25 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզան: Շուրջ երկու տարի ճաղերի ետևում անցկացնելուց հետո նա երեկ առաջին անգամ օդանավից խոսեց աղջկա հետ Սպիտակ տան հեռախոսակապի միջոցով։

«Խոսքեր չեմ գտնում: Վստահ էի, որ կմեռնեմ բանտում, չէի հավատում, թե ինձ կազատեն: Ես դեռ կարծում եմ, որ քնած եմ Օմսկի իմ բանտախցում: Բայց, ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դուք շատ մեծ բան եք արել՝ փրկելով այդքան շատ մարդկանց: Կարծում եմ՝ ինքնաթիռում 16 հոգի ենք։ Կրկին, ես դեռ չեմ կարող հավատալ, որ դա տեղի է ունենում: Ուղղակի ուզում եմ ասել, որ չեմ կարծում, որ մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բաներ կան», - ասել է նա:

Պուտինը վերադարձածներին կառաջադրի պետական մրցանակի

Ռուսաստանն այս գործարքով ետ ստացավ 8 բանտարկյալների, ներառյալ՝ մարդասպանության համար Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված, հատուկ ծառայությունների աշխատակից Վադիմ Կրասնիկովին։ Նրան, ինչպես նաև մյուս լրտեսներին ու հաքերներին նախագահ Պուտինն անձամբ դիմավորեց կարմիր գորգի վրա՝ պատվո պահակախմբով: Նման ընդունելության շատ հաճախ անգամ օտարերկրյա առաջնորդները չեն արժանանում։

Վլադիմիր Պուտինը դիմավորում է Վադիմ Կրասիկովին
Վլադիմիր Պուտինը դիմավորում է Վադիմ Կրասիկովին

Ռուսական պետական լրատվամիջոցները գործարքը որպես պատմական իրադարձություն էին ներկայացնում։

«Թռիչքուղի, կարմիր գորգ, նախագահական գունդ, «Վնուկովո»-ում վայրէջք է կատարում ինքնաթիռը, որում, ինչպես ասաց նախագահ Պուտինը, նրանք են, ում հայրենիքը մեկ րոպե անգամ չի մոռացել: Պետության ղեկավարն անձամբ է ժամանել օդանավակայան՝ դիմավորելու փոխանակման շրջանակում տուն վերադարձող ռուսներին: Առաջինն իջնում է Վադիմ Կրասիկովը՝ նույն այն հայրենասերը, որի մասին, ենթադրաբար, Վլադիմիր Պուտինը խոսում էր փետրվարին Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում, և ում ձեռքն այսօր սեղմեց և գրկեց», - հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները։

«Պուտինը լավ է ճանաչում Կրասիկովին, որը 2019-ին Բեռլինի այգում երկու կրակոցով սպանեց Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիին։ Պուտինն ու Կրասիկովը միասին գնացել են հրաձգարան», - գրում է Wall Street Journal-ը։

Երեկ օդանավակայանում նրան ու մյուս հանցագործներին դիմավորելիս Պուտինը ուրախությունը չթաքցրեց, հետո էլ պնդեց, թե մարդասպանին ու մյուսներին կառաջադրի պետական մրցանակների։

Ինքը՝ հատուկ ծառայությունների աշխատակից Կրասիկովը վստահ էր՝ Պուտինն իրեն չի մոռանա։ «Ռուսաստանի Դաշնությունը չի թողնի, որ ես փտեմ բանտում», - մի անգամ ասել էր նա դատաքննության ժամանակ։

Մարդասպան-ընկերոջն ազատ արձակելու համար Պուտինը գնաց աննախադեպ գործարքի, գրում են արևմտյան լրատվամիջոցները. լրտեսներին քաղբանտարկյալների հետ փոխանակել էին վերջին անգամ Խորհրդային Միության ժամանակ։

Կրեմլի խոսնակն այսօր նոր մանրամասներ է բացահայտել ամիսներով կուլիսներում շարունակված բանակցություններից. - «Այդ բարդ գործով բանակցություններն իրականացվում էին Անվտանգության դաշնային ծառայության և Կենտրոնական հետախուզական վարչության գծով, սրանք էին հիմնական բանակցողները, որոնց միջոցով համաձայնություն է կնքվել»։

Որոշումը հեշտ չտրվեց. Գերմանիայի ՆԳ նախարար

«Բանակցություններն անցել են խիստ գաղտնիության պայմաններում, երեք աշխարհամասերում»,- գրում է ամերիկյան WSJ-ը, մանրամասնելով՝ դրանց մասնակցել են քաղաքական գործիչներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Խնդիրը ծայրաստիճան բարդ էր՝ կողմերի միջև դիվանագիտական հարաբերություններ գրեթե չկան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։ Բացի այդ, դժվար էր համոզել Գերմանիային, որտեղ մարդասպանին արտահանձնելուն դեմ էր ոչ միայն դատախազությունն, այլև Արտաքին գործերի նախարարությունը։ Ամիսներ շարունակված բանակցություններից հետո, սակայն, Վաշինգտոնին հաջողվել է ստանալ կանցլեր Օլաֆ Շոլցի համաձայնությունը։

«Որոշումը հեշտ չտրվեց»,- այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը, - «Բարդ, շատ բարդ էր, մենք պետք է ծանրութեթև անեինք շատ բան, և ի վերջո եկանք այն համոզման, որ Ռուսաստանում և Բելառուսում կալանավորված 15 անձանց ազատությունը և բարեկեցությունն ավելի կարևոր է, քան ինչ-որ մեկի ազատ արձակումը, ով դատապարտվել էր մարդասպանության համար»։

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ կողմերը փոխանակման շուրջ սկզբունքային համաձայնության են եկել անցած փետրվարին, հետո ամիսներով քննարկել դրա իրականացման մարամասները։ Գերգաղտնի բանակցություններին մասնակցել է յոթ պետություն, այդ թվում՝ Թուրքիան, որի հետախուզությունը միջնորդի դեր է ստանձնել։ Հենց այդ նպատակով էր Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսն անցած շաբաթ մեկնել Անկարա թուրք գործընկերոջ հետ հանդիպման։

«Այս միջնորդությունը ևս մեկ դիվանագիտական հաղթանակ էր նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, որը փորձում է իր երկիրը դարձնել բանակցությունների հարթակ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով փաստացի հակամարտող Ռուսաստանի ու Արևմուտքի միջև»,- գրում է WSJ-ը։

XS
SM
MD
LG