Մատչելիության հղումներ

Գերշկովիչը, Ուելանը և Կուրմաշևան վերադարձան ԱՄՆ, նրանց դիմավորել են Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը


Բայդենն ու Հարիսը դիմավորում են Էվան Գերշկովիչին, Պոլ Ուելանին և Ալսու Կուրմաշևային, 1-ը օգոստոսի, 2024թ․
Բայդենն ու Հարիսը դիմավորում են Էվան Գերշկովիչին, Պոլ Ուելանին և Ալսու Կուրմաշևային, 1-ը օգոստոսի, 2024թ․

Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, նախկին ծովային հետևակային Պոլ Ուելանը և «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան, որոնք երեկ ազատ արձակվեցին զանգվածային փոխանակման շրջանակներում, վերադարձել են Միացյալ Նահանգներ:

Հարազատները դիմավորում են Էվան Գերշկովիչին, Բայդենը հեռվից հետևում է, 1-ը օգոստոսի, 2024թ․
Հարազատները դիմավորում են Էվան Գերշկովիչին, Բայդենը հեռվից հետևում է, 1-ը օգոստոսի, 2024թ․
Հարազատները ողջունում են Ալսու Կուրմաշևային, 1-ը օգոստոսի, 2024թ․
Հարազատները ողջունում են Ալսու Կուրմաշևային, 1-ը օգոստոսի, 2024թ․

Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայում։ Նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսը, հարազատներն ու գործընկերները։

«Ես վստահ էի, որ մենք դա կանենք», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Բայդենը։

Գերշկովիչը կոչ է արել՝ չմոռանալ Ռուսաստանում կալանավորված մյուս քաղբանտարկյալներին։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը և Բելառուսը ԱՄՆ-ին և Գերմանիային են փոխանցել բանտերում, մեկուսարաններում պահվող 16 անձի։ Նրանցից 13-ը վերադարձել են Քյոլն՝ ռուս ընդդիմադիր գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան և Իլյա Յաշինը, "Открытая Россия" շարժման նախկին գործադիր տնօրեն Անդրեյ Պիվովարովը, իրավապաշտպան, "Мемориала"-ի համանախագահ Օլեգ Օրլովը, նկարչուհի Ալեքսանդրա Սկոչիլենկոն, Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Լիլիա Չանիշևան, Տոմսկում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Քսենյա Ֆադեևան, դեռահաս Քևին Լիկը, Իվան Սաֆրոնովի գործով ամբաստանյալ Դեմուր Վորոնինը, Բառնաուլում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Վադիմ Օստանինը, հեծանվային ակտիվիստ Գերման Մոյժեսը, Պատրիկ Շեբելը և Ռիկո Կրիգերը:

Ըստ "Медузы"-ի և "Дождя"-ի՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտության, որտեղ, ենթադրվում է, կմնան մինչև օգոստոսի 4-ը։

Յաշինը Տելեգրամում լուսանկար է հրապարակել՝ գրելով. - «Շուտով ամեն ինչ կպատմեմ, իսկ հիմա շնորհակալություն եմ հայտնում բոլոր անհանգստացողներին»:

Ռուսաստանին են փոխանցվել ԱԴԾ գնդապետ Վադիմ Կրասիկովը, լրտես ամուսիններ Արտեմ և Աննա Դուլցևները, լրտես Պավել Ռուբցով / Պաբլո Գոնսալեսը, հաքեր Ռոման Սելեզնևը, գործարար Վլադիսլավ Կլյուշինը, մաքսանենգ Վադիմ Կոնոշչենկոն, ինչպես նաև Տրոմսոյի Արկտիկական համալսարանի աշխատակից Միխայիլ Միկուշինը, ով ներկայացել է որպես Բրազիլիայի քաղաքացի Խոսե Ասիս Ջամմարիա։

Ըստ Կրեմլին մոտ կանգնած Mash տելեգրամյան ալիքի՝ փոխանակման առաջին փուլը տեղի է ունեցել Կալինինգրադում՝ Ռուսաստանին Դուլցևների արտահանձնմամբ։ Նրանք Վիկտոր Բուտի փոխանակման համար կիրառված ինքնաթիռով տեղափոխվել են Մուրմանսկ։ Իսկ փոխանակման հիմնական փուլը տեղի է ունեցել Անկարայի օդանավակայանում։

Ռուսները տեղափոխվել են «Վնուկովո» օդանավակայան, նրանց դիմավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG