Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի Ուկրաինա ձգվող ռուսական խողովակաշարերով եվրոպական երկրներ հոսի ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական գազ։ Համապատասխան առաջարկը Բրյուսելն արդեն ներկայացրել է Ալիևի վարչակազմին, գրում է Politico պարբերականը։
Եվրոպական մի շարք երկրներ ռուսական գազ են ստանում Ուկրաինայով անցնող ռուսական խողովակաշարերով՝ Մոսկվայի և Կիևի միջև նույնիսկ պատերազմի պայմաններում գործող երկկողմ համաձայնագրի շրջանակներում։ Այդ պայմանագրի ժամկետը, սակայն, այս տարեվերջին ավարտվում, և թե՛ Կիևը, թե՛ Բրյուսելը հայտարարում են, որ մտադիր չեն երկարաձգել գործարքը՝ փորձելով էներգետիկ հոսքերը պահպանելու այլընտրանքային ուղիներ գտնել։
Մինչ այդ՝ անցած տարվա տվյալներով Ուկրաինայով անցնող խողովակաշարերով, որը միացնում է Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Մոլդովան, արտահանվել է մոտ 15 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։ Եվրամիության պաշտոնյաները հավատացած են, որ ռուսական էներգառեսուրսին այլընտրանք կա, տարբերակներից մեկն էլ ադրբեջանական ծագման կապույտ վառելիքն է, որի շուրջ դաշինքն արդեն քննարկումներ է սկսել Բաքվի հետ։ Այդ տեղեկությունը Politico-ի հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս պահին մենք դիտարկում ենք տարատեսակ տարբերակներ, թե ինչպես կարող ենք մեր ներդրումն ունենալ այդ գործընթացում», - հավելել է Հաջիևը՝ միաժամանակ հրաժարվել հստակ ժամկետներ նշել․ նա միայն հավաստիացրել է՝ Բաքուն լուրջ է մոտենում Բրյուսելի խնդրանքին, քանի որ խոսքը «եվրոպական էներգետիկ անվտանգության» մասին է։ Բաքվի և Բրյուսելի միջև գազային վճռորոշ բանակցությունների մասին անցած օրերին գրել էր նաև Bloomberg պարբերականը, ամենակարևոր հարցի պատասխանը, սակայն, հստակ չէ՝ արդյոք սահմանափակ էներգառեսուրսներ ունեցող Ադրբեջանն ի վիճակի է ապահովել պահանջարկը, թե ռուսական գազից հրաժարվող Եվրոպային Բաքուն մտադիր է վերավաճառել ռուսական վառելիք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը մեծացնում է Ադրբեջան մատակարարվող գազի ծավալներըՆման կասկածներ առաջացան, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պայմանագիր է կնքել ռուսական «Գազպրոմ»-ի հետ ռուսական վառելիք ստանալու համար։ ICIS վերլուծական կենտրոնի գազային շուկաների հարցերով փորձագետ Աուրա Սաբադուսը Politico-ին ասել է՝ հստակ է, որ ցանկացած գործարք ըստ ամենայնի Մոսկվային եկամուտ կապահովի և «վերջին հաշվով Ռուսաստանը կշահի»։
Ուկրաինայում երրորդ տարին ավերիչ պատերազմ մղող Պուտինի վարչակազմին ֆինանսական խոշոր եկամուտներից զրկելու, Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու կամ ռուսական էներգակիրներից ի սպառ հրաժարվելու մտադրության շրջանակներում Բրյուսելը սկսեց ամրապնդել Ադրբեջանի հետ էներգետիկ կապերը։
Ադրբեջանից հավելյալ գազ ստանալու համար Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2022 թվականին անձամբ էր մեկնել Բաքու։ Բանակցությունների ավարտին եվրոպացի պաշտոնյաները գոհունակությամբ հայտարարեցին, թե Ալիևի հետ գործարքը թույլ կտա կրճատել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից, Բաքուն պարտավորվել է մինչև 2027 թվականը կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն տարեկան առնվազն քսան միլիարդ խորանարդ մետրի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնություններըԲռնապետ առաջնորդի հետ Եվրոպայի համաձայնությունը քննադատեցին ոչ միայն միջազգային իրավապաշտպան կառույցները, այլև Եվրամիության օրենսդիր մարմինը։ Բրյուսելը չվերանայեց որոշումը նույնիսկ Բաքվի նոր պահանջներից հետո։
Financial Times-ի հետ զրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր՝ եթե Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը կատարի ԵՄ-ի հետ կնքված էներգետիկ համաձայնագրի դրույթները, ապա պարտավոր է ներդրումներ կատարել խողովակաշարերի ընդլայնման նպատակով և երաշխավորել ադրբեջանական գազի գնման պայմանագրերի երկարաժամկետ բնույթը։
Արևմտյան առաջատար պարբերականներին առայժմ չի հաջողվում Ադրբեջանի իշխանություններից հստակ պատասխան ստանալ՝ արդյոք այդ երկրի պաշարներն ու ենթակառուցվածքները արդեն թույլ են տալիս մոտալուտ ապագայում ռուսական վառելիքից հրաժարվող Եվրոպացիներին ադրբեջանական այլընտրանքն առաջարկել։