Երևանը պետք է քննարկի Ադրբեջանից գազ գնելու հարցը, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ Հայաստանը հնարավոր է գազ ձեռք բերի Ադրբեջանից՝ «Ազատությունը»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Սիմոնյանից, թե արդյո՞ք սա իրատեսական է համարում։
«Շատ լավ բան եմ համարում, շատ դրական եմ վերաբերվում: Կարծում եմ, պետք է քննարկենք էդ հարցը, և նենց չի, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չի: Վստահ եմ, էն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս-մտնում է իրանց մոտ ու գնում է Եվրոպա և այլն, նույն գազն ա մեծ հաշվով մտնում մեր մոտ: Շատ լավ տարբերակ է ոչ միայն Արդբեջանից այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել և գազ գնել», - ասաց ԱԺ նախագահը։
Ճշտող հարցին, թե այս պահին քննարկումներ կա՞ն այս ուղղությամբ, ԱԺ խոսնակը պատասխանեց․ - «Չէ չկան, ես այսօր եմ կարդացել այդ մասին: Ես դրա հետ կապված իմ գործընկերների հետ կխոսեմ, չգիտեմ՝ ինչ արձագանքներ կլինեն»:
«Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված»
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Սիմոնյանը, մասնավորապես, ասաց՝ որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված։
«Այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի, և ես մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասել է ԱԺ խոսնակը։
Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջման է գնում և հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանը այս գործընթացից, Սիմոնյանը պատասխանել է․ - «Սահման ենք ստանում։ Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է»։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։
Ըստ Բաքվի՝ Հայաստանի և Ադրբեջանի «պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել»։