Եվրահանձնաժողովն առաջարկել է խստացնել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներն ու նավթային էմբարգո մտցնել։ Պատժամիջոցների վեցերորդ փաթեթն այսօր Եվրախորհրդարանում ներկայացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը. - «Մենք առաջարկում ենք վեց ամսից հրաժարվել ռուսական նավթից, իսկ նավթամթերքից՝ մինչև այս տարվա վերջ»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ ռազմական ագրեսիայի պատճառով Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել։ Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ արդեն հրաժարվել են ռուսական նավթից, գազից և ածուխից, բայց նրանք եվրոպական երկրների համեմատ Ռուսաստանից ավելի քիչ էին նավթ ու գազ գնում։ Մինչդեռ Եվրամիության երկրները գազի գրեթե 40 և նավթի գրեթե 30 տոկոսը գնում են հենց Ռուսաստանից։
Նավթն և գազը Ռուսաստանի պետական բյուջեի եկամուտների գրեթե կեսն են կազմում։ Ընդ որում, ռուսական գազի արտահանման 70 տոկոսը և նավթի ու նավթամթերքի 60 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության երկրներին։
Պատերազմի երկուս ու կես ամիսների ընթացքում Եվրամիությունը Ռուսաստանին ավելի քան 20 միլիարդ եվրո է վճարել նավթի և ավելի քան 30 միլիարդ՝ գազի համար։
Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսվում է նաև միջազգային SWIFT-ից անջատել ռուսական խոշորագույն Sberbank-ը, արգելել ռուսական երեք պետական հեռուստաալիքների հեռարձակումը և ընդլայնել պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց շրջանակը։ Սև ցուցակում կհայտնվեն նաև Բուչայի խաղաղ բնակիչների սպանությունների մեջ ներգրավված ռուս զինվորականները։
Վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված մի փաստաթուղթ՝ France-Presse-ը հայտնում է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ են նախատեսված նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլիի, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ, դստեր և որդու նկատմամբ։
Պաշտոնապես նոր ցուցակում ներառված անունները հայտնի կդառնան մի քանի օրից, երբ Եվրահանձնաժողովի առաջարկները քննարկեն և հաստատեն միության անդամ բոլոր 27 երկրների դեսպանները։ Հնարավոր է, որ ԵՄ-ն այս նոր փաթեթը պահի մինչև պատերազմի հաջորդ սրացումը, ինչը որոշ դիտորդներ ակնկալում են մայիսի 9-ից:
Հաղթանակի օրը, տարբեր աղբյուրների համաձայն, Ռուսաստանի նախագահը կարող է պաշտոնապես հայտարարել պատերազմի և համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Ուկրաինայի դեմ փետրվարին սկսած պատերազմը Կրեմլը մինչ օրս «հատուկ գործողություն» է անվանում։
Համընդհանուր մոբիլիզացիայի համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ և նավթային էմբարգոն կարող է ստիպել Ռուսաստանի իշխանություններին հրաժարվել մոբիլիզացիայի ծրագրից, եթե այն կա։
Վերլուծաբաններ նաև ընդգծում են, որ պաշտոնապես պատերազմ հայտարարելով Կրեմլը լուծում է կարևոր մի հարց՝ կարողանում է օրինական կերպով ավելացնել զորակոչիկների թիվը։
Կրեմլի խոսնակը նման ծրագրի առկայությունն այսօր հերքել է ՝ մայիսի 9-ին պատերազմ հայտարարելու Մոսկվայի ծրագրի մասին արևմտյան աղբյուրների տարածած տեղեկությունը անվանելով անհեթեթություն։