Գազի արդյունահանման և վաճառքի ոլորտում ռուսական խոշորագույն ընկերությունը՝ «Գազպրոմը» հայտնել է անցած 25 տարում իր առաջին կորուստների մասին:
Ըստ ֆինանսական վերջին հաշվետվությունների, 2023 թվականին ընկերությունը կորցրել է 629 միլիարդ ռուբլի, ինչը հավասար է մոտ 6 միլիարդ 800 միլիոն ԱՄՆ դոլարի: Պատճառը դեպի Եվրոպա մատակարարումների կտրուկ կրճատումն է։
«Գազպրոմը» երեկ է հրապարակել 2023 թվականի հաշվետվությունները։ Եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է 27 տոկոսով, կորուստների 43 տոկոսը գազի արտահանման հետևանք է, նավթի վաճառքը ներքին և արտաքին շուկայում առաջին անգամ գերազանցել է գազի վաճառքի ցուցանիշը: («Գազպրոմը» նաև նավթի բիզնեսով է զբաղվում):
«Կոմերսանտ» թերթի տվյալներով, 2023 թվականին «Գազպրոմի»՝ գազատար խողովակաշարերով վառելիքի արտահանումը Եվրոպա 2022-ի համեմատությամբ կրճատվել է ավելի քան 2.5 անգամ՝ 62 միլիարդ խորանարդ մետրից նվազելով մինչև 24 միլիարդ խորանարդ մետր: Առաքումն իրականացվում է Ուկրաինայի և Թուրքիայի տարածքով։
«Գազպրոմը» բնական գազ փոխադրում է նաև Չինաստան, սակայն առաքումների ծավալը մեծ չէ և չի ընձեռում եվրոպական ուղղությամբ կրճատումները փոխհատուցելու հնարավորություն: