Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման պայմաններում Եվրոպան պետք է պատրաստվի դրանց ամբողջական դադարեցմանը, ինչը, նրա կարծիքով, «վաղ թե ուշ» տեղի կունենա։ Այդ մասին նա ասել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։
«Ներկայումս Ռուսաստանը մասնակիորեն գազ է մատակարարում կամ ընդհանրապես կապույտ վառելիք չի մատակարարում 12 [ԵՄ] անդամ երկրների»,- ասել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով. - «Հետևաբար, Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, վաղ թե ուշ»։
Միաժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել այն երկրներին, որոնք քիչ կախվածություն ունեն ռուսական գազի մատակարարումներից, նույնպես մասնակցել էներգախնայողության ջանքերին։ «Նույնիսկ [ԵՄ] անդամ երկրները, որոնք գրեթե գազ չեն ստանում Ռուսաստանից, չեն կարող խուսափել մեր ներքին շուկա մատակարարումների հնարավոր դադարեցման հետևանքներից», - ասել է ֆոն դեր Լայենը։ Եվրամիության տնտեսությունները, Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, սերտորեն փոխկապակցված են, գազի ճգնաժամն այս կամ այն ձևով կազդի բոլոր անդամ երկրների վրա:
«Մեր հիմնական նպատակը մնում է Եվրոպա ռուսական գազի մատակարարումից ամբողջական անկախությունը 2027 թվականից ոչ ուշ»,- ասել է նա։
ԵՄ-ն պատրաստվում է 300 միլիարդ եվրո ներդնել գազը խնայելու և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու նախագծերում։ «Միաժամանակ մենք նոր պայմանագրեր ենք կնքում ավելի վստահելի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Նորվեգիան»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։