Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մոտ մեկուկես ամիս անց էլ չեն պարզաբանում՝ ինչո՞ւ Երևանն ու Բաքուն մինչև հուլիսի 1-ը չհամաձայնեցրին սահմանազատման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը: Հենց այս փաթեթի ընդունմամբ պետք է ապահովվեր սահմանազատման շարունակականությունը: Համենայն դեպս, չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո իշխանությունն այդպիսի ակնկալիք ուներ։
«Այդ պրոցեսը պետք է գնա, որովհետև երկու պետություն արդեն ստորագրել են, որ պետք է գնա առաջ, և մենք չենք կարող անլրջացնել մեր ստորագրությունը», - մայիսին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։
«Ազատություն»-ը գրավոր հարցում էր ուղարկել սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակ՝ փորձելով պարզել՝ ի՞նչ փուլում է կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը, արդյոք Ադրբեջանը խոչընդոտներ ստեղծում է, կողմերը սահմանե՞լ են նոր ժամկետ աշխատանքներն ավարտելու համար, և ի վերջո սահմանի մյուս հատվածները համաձայնեցնելու շուրջ բանակցություններ ընթանում են։
Կանոնակարգի համաձայնեցման շուրջ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետի գրասենյակից առաջարկել էին այս հարցերին պատասխանել մեկամսյա ժամկետում, բայց 30 օր անց էլ առանց որևէ հստակության ընդամենը հիշեցրին նախկին պայմանավորվածությունները, որ կանոնակարգի համաձայնեցման շուրջ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով, և առաջիկայում նախատեսվում է ավարտել դրանք, ապա անցնել սահմանի մնացած հատվածների սահմանազատմանը, ներառյալ՝ անկլավ/էքսկլավներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանված ժամկետի ավարտին Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծըԲանակցությունները գաղտնիության առումով աննախադեպ են. Տիգրան Աբրահամյան
Հայ-ադրբեջանական բանակցությունները թե՛ սահմանազատման, թե՛ խաղաղության պայմանագրի շուրջ գաղտնիության առումով աննախադեպ են, կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա մտահոգիչ է համարում, որ բանակցություններից կարևոր դրվագներ հայաստանցիներին հայտնի է դառնում կա՛մ ադրբեջանցի, կա՛մ որևէ միջնորդ երկրի պաշտոնյայից:
«Բնականաբար, այս պայմաններում երբ մենք դիտարկում ենք սահմանազատման գործընթացը, հատկապես դրա հետ կապված բարդ, պրոբլեմատիկ և նրբություններ պարունակող այդ խնդրի շուրջ հայաստանյան իշխանություններն առավելագույնս փակում են ամբողջությամբ տեղեկատվությունը», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշում սահմանազատմամբ Հայաստանը կորցրեց բոլոր հաղթաթղթերը. քաղաքագետՏիգրան Աբրահամյանը բացատրում է, թե ինչով է այս իրավիճակը ռիսկային. երբ Ադրբեջանը պահանջում էր վերադարձնել չորս գյուղերը, իշխանության ներկայացուցիչները վստահեցնում էին, թե իրենք էլ հայկական 31 բնակավայրերի հողատարածքների հարցն են առաջ մղելու, և ամեն ինչ լինելու է փոխադարձ: Բայց, ըստ պատգամամվորի, բանակցություններն իրականում այդ մասին չէին:
«Ժամանակը ցույց տվեց, ես սա ցավով եմ ասում, որ իրականության մեջ Ադրբեջանը դրել էր հստակ պահանջներ, և Հայաստանի իշխանությունը դա գեղեցիկ ձևակերպումներով փաթեթավորեց դելիմիտացիայի գործընթացի տակ, որի բառը նույնիսկ շատ-շատերին որևէ չէր ասում, և փաստորեն դրա անվան տակ գնաց միակողմանի զիջումների», - նկատեց Տիգրան Աբրահամյանը, - «Վաղ թե ուշ գալու է մի փուլ, երբ Նիկոլ Փաշինյանը այլևս չի լինելու իշխանության, ձևավորվելու է ինչ-որ դաշտ, որի պայմաններում քննվելու է, և իրավական դաշտում գնահատական է տրվելու այն ամենին, ինչ որ եղել է Հայաստանի Հանրապետության հետ»։
Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ կա՛մ ադրբեջանական ճնշումները կտրուկ մեծանան, կա՛մ Ադրբեջանը գնա ռազմական գործողությունների. պատգամավոր
Տավուշում հատվածական սահմանազատումից ընդամենը երկու ամիս առաջ, երբ Բաքուն չորս գյուղերը վերադարձնելու ուղիղ պահանջ էր դնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայաստանցիներին հրապարակային հավաստիացնում էր, թե Երևանն այդ հարցում կառուցողական է, իսկ գործընթացն էլ պետք է լինի երկկողմ. - «Որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ: Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն: Այսինքն՝ եթե երկու կողմերից սահմանի գծից առաջ զորքեր կան, պիտի հետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ»։
Սա միակ հարցը չէ, որի լուծման շուրջ մոտեցումները վարչապետն ու թիմակիցները բանակցությունների ընթացքում փոխեցին։ Ընդդիմադիր պատգամավորն անգամ չի բացառում, որ առաջիկայում առանց կանոնակարգի հաստատման Երևանն ու Բաքուն անցնեն անկլավ/ էքսկլավների հարցի քննարկմանը, հատկապես երբ վարչապետ Փաշինյանն արդեն ասել է, որ դրանք Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված չեն:
«Բնականաբար, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ որ կա՛մ ադրբեջանական ճնշումները կտրուկ մեծանան, և ընդհանուր փաթեթից դուրս բերվի այդ չորս գյուղերի հետ կապված հարցը, և միակողմանի զիջվի Ադրբեջանին, կա՛մ Ադրբեջանը գնա ռազմական գործողությունների՝ դրա հիմքում դնելով, ըստ էության, այդ լեգիտիմության հիմքը, որը նրան տվել է Հայաստանի իշխանությունը», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սահմանազատումը փորձում են մեծ աղետ ներկայացնել, Սյունիք այցս քաղաքական էդ կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում դարձավ»․ ՓաշինյանՏավուշում հատվածական սահմանազատումից հետո ոչ միայն համատեղ գործունեության կանոնակարգը չի հաստատվել, այլև սահմանազատման հանձնաժողովների նախագահները չեն հանդիպել: Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները վերջին անգամ բանակցել են մայիսի 15-ին։ Ինչպես Մհեր Գրիգորյանի գրասենյակից են փոխանցում, դրանից հետո որևէ հանդիպում տեղի չի ունեցել: