Մատչելիության հղումներ

Տավուշում սահմանազատմամբ Հայաստանը կորցրեց բոլոր հաղթաթղթերը. քաղաքագետ


Սահմանազատման տավուշյան գործընթացը «պրակտիկ իմաստով այն, ինչը պայմանավորվել էր, գետնի վրա կարծես թե իրականացվում է, այլ հարց է, թե բովանդակությունը այդ պրակտիկության ինչ էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:

«Արդյոք կարելի է հաջողություն համարել կոնկրետ այն սահմանի այն տեսքը, այն պատի ձևով, որ հիմա անցնում է դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա, դա հաջողություն է, թե՝ չէ, դժվար է անվանել հաստատ, միանշանակ հաջողություն, բայց քաղաքական մասով այստեղ մենք տեսնում ենք, որ ավելի շատ անհաջողություն էր, քան՝ հաջողություն», - նշեց Սուքիասյանը՝ պարզաբանելով. - «Որովհետև այն պայմանավորվածությունները, որոնք կային, օրինակ՝ կանոնագիրքը մշակել, որի հիման վրա կլինի հետագա սահմանագծումը, կամ դրա դիմաց հասնել որոշ այլ փոխզիջումների, կամ առնվազն ստանալ երաշխիքներ այլ հատվածներում դելիմիտացիայի մասին, կամ է՛լ ավելի առնվազն հասնել որոշ հայկական տարածքների դեօկուպացիայի, որոնք գտնվում են նման կարգավիճակում 21 թվականի մայիսից սկսած, սրանք չենք տեսնում»:

«Բայց նաև չենք տեսնում քաղաքական իմաստով առաջխաղացում, որովհետև այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել հանձնաժողովի աշխատանքների համար, թեև հանձնաժողովը կարծես թե ինչ-որ ֆորմատով մտքերի փոխանակումներ անում են, բայց այն երկարաժամկետ, հույսի պայմանավորվածությունները, որոնք դրված էին ապրիլյան առաջին հայտարարության տակ, դրանք կարծես թե իրականություն չեն դառնում, և դելիմիտացիան առաջ չի շարժվում մյուս ուղղություններով: Համենայն դեպս, նաև Հայաստանը, այդ հատվածում գնալով դելիմիտացիայի, կարծես թե կորցրեց բոլոր այն խաղաթղթերը, հաղթաթղթերը, որ կարող էր ունենալ այլ տարածքներում ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելու համար», - ընդգծեց քաղաքագետը:

«Մենք տեսնում ենք, որ այսպես թե այնպես, գործընթացը ձգձգվում է, ու դժվար չէր ենթադրել, որ տևելու է, և արագ համաձայնություններով, կարող է մի փուլ, մի գյուղ, մի հատված՝ հա, բայց արագ համաձայնություններով ամբողջ սահմանը անհնար էր: Կան շատ բարիդրացիական հարաբերություններում գտնվող պետություններ, որ տասնամյակներով այդպես էլ չեն վերջացրել իրենց դելիմիտացիան սահմանների, էլ ուր էր մնում այստեղից սպասել», - ասաց Սուքիասյանը:

Ըստ նրա՝ եթե հնարավոր էր հասկանալ, որ արագ հարցը չի կարելի լուծել, պետք էր կամ կարելի էր ավելի նուրբ մոտենալ հենց պրակտիկ հատվածին. - «Ինչ նկատի ունեմ՝ այո, կարող է նաև քարտեզով, GPS-ով և այլն, տեխնիկապես սահմանը իրոք անցնում է այնտեղով, որտեղով որ այսօր կա Կիրանցի և Ադրբեջանի միջև, բայց եթե երկար էր տևելու, ինչո՞ւ չպայմանավորվել, օրինակ, այն տները, որոնք հայտնվելու էին Ադրբեջանի տարածքում, սահմանը պատրաստել վեց ամիս անց, մեկ տարի անց կամ ավելի սեղմ ժամկետում, այդ ընթացքում այդ մարդկանց համար կառուցել տներ գյուղի մյուս կողմում: Կամ դպրոցի հարցը՝ եթե այդքան մոտ էր լինելու, արդյոք հնարավոր չէր միջազգային միջնորդների ներկայությամբ հատկապես հասնել մի համաձայնության, որ այդ հատվածում եկեք սահմանը անցկացնենք մի 100 մետր այն կողմից, Հայաստան էլ մեկ այլ հատվածում, որտեղ չկան նման զգայուն կետեր, ինքը կզիջի Ադրբեջանին»:

«Այս որևէ նման՝ մարդկային անվտանգությունը հաշվի առնող, պրակտիկ խնդիրները հաշվի առնող լուծումներ չեն տրվել», - շեշտեց քաղաքագետը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG