Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց չի քննարկվել, ծանրացել են մոդելի վրա՝ նոր Սահմանադրության նախագիծը ավելի մանրակրկիտ կարգավորումներ պարունակի՞, թե՞ միայն սկզբունքներ սահմանի ու գործողից ավելի սեղմ լինի, այսօրվա փակ նիստից հետո պնդեցին Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քաղհասարակության ներկայացուցիչները։
Իշխանականները ձեռնպահ մնացին հարցազրույցից։
«Հիմնականում խորհուրդը հանգեց նրան, որ Սահմանադրությունը պիտի լինի հիմնական պրինցիպները ամրագրող և երաշխավորող և ոչ թե ինչ-որ միկրոմենեջմենթի մեջ մտնող Սահմանադրություն», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին՝ վարչապետ Փաշինյանը մինչ այդ մայր օրենքի բարեփոխումների հայեցակարգի վրա աշխատած խորհրդին մայիսին հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամանակն է, որ Հայաստանը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը. ԲայրամովԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը՝ Սահմանադրության մասին իշխանության վեց տարիներին
Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ վարչապետի այդ որոշումից հետո իրենք այսօր առաջին բովանդակային քննարկումն են անցկացրել։
Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունում թողնելու վտանգների մասին վարչապետը արտահայտվել է, բայց և մյուսները պնդել են՝ դա երկրի ներքին գործն է։
ԻՔՄ ղեկավարն Ադրբեջանի նախագահի պահանջներն անտեսելու, Սահմանադրության փոփոխությունները Հայաստանի ժողովրդի հետ քննարկելու կողմնակից է։ Իսկ ինչպե՞ս են ժողովրդին մասնակից դարձնելու, հանրային քննարկումների միջոցով, ասաց. - «Որևիցե կարգավորում չի գրվելու կամ հանվելու Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող պետության պահանջով։ Տեսականորեն չեմ բացառում, որ կարող է ինչ-որ մի պահ դա հանվի, բայց ես ասում եմ, որ ա) ես հուսով եմ, որ դա չի հանվի, և բ) ես կարծում եմ, որ որևիցե կարգավորում կարող է փոխվել, գրվել, չգրվել միայն Հայաստանի ժողովրդի մոտեցումների արդյունքում»։
Քանի որ հարցը Իլհամ Ալիևն է բարձրացնում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կտրականապես դեմ է Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցը անգամ քննարկելուն։
«Ինքը պատրվակներ է միշտ գտնելու իր կամքը թելադրելու համար, որպեսզի խաղաղության պայմանագիր ասածը կամ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման, կամ ուժի կիրառումից հրաժարվելու այդ պահանջներից զերծ մնալ, որովետև ինքն այն ռեժիմն է, որը բացի այդ գործիքներից, այլ գործիքակազմ չունի։ Չպետք է տուրք տալ նման ճնշումներին և ցույց տալ, որ դուք գործ ունեք սուբյեկտի հետ, ոչ թե օբյեկտի հետ, որի հետ ոնց ուզենաք, այնպես էլ կարող եք վարվել», - նշեց Սաքունցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքացիներն արձագանքում են վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է պետքԱռաջիկա նիստում խորհուրդը քննարկելու է խորհրդարանում կայուն մեծամասնությունը երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը։
Իոաննիսյանի խոսքով՝ քաղհասարակությունը պահանջում է, որ հարցը առանձնացվի ընդհանուր ռեֆորմից, ու խորհուրդը կառավարությանն առաջարկի մինչև տարեվերջ կայուն մեծամասնությունից հրաժարվելու մասին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել ԱԺ-ում, հետո մինչև խորհրդարանական հերթական ընտրությունները ընտրական օրենսգիրք փոխել։
«Մենք երկու տարի հետո ունենք խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամանակ եթե ոչինչ չփոխվի, ունենալու ենք կայուն մեծամասնություն երաշխավորող սահմանադրական շատ խայտառակ դրույթ, և այս պահին շատ կարևոր է, որ այդ կարգավորումը փոխվի խորհրդարանով», - ասաց նա։
Իշխանությունը համաձա՞յն է կայուն մեծամասնությունից հրաժարվել, Սաքունցը շեշտեց. - «Որ ասեմ՝ իշխանությունն ունի հստակ դիրքորոշում անգամ այդ հարցերում, չէ»։
Արթուր Սաքունցն ասում է՝ կառավարման գործող համակարգին չեն անդրադառնա։
Հունվարին նոր Սահմանադրությունից խոսելով՝ վարչապետը միևնույն ժամանակ հատուկ ընդգծել էր՝ կառավարման համակարգը պետք է մնա նույնը, փոփոխությունները իշխանության լծակների վրա չպետք է ազդեն։ Նոր Սահմանադրության նախագիծը, ըստ Դանիել Իոաննիսյանի, հանրաքվեի 2027-ից շուտ չի դրվի։
Մայիսյան որոշմամբ վարչապետը նոր Սահմանադրության նախագիծը հաստատելու ու վարչապետի աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանել 2026-ի դեկտեմբերի 30-ը։
«Նոր Սահմանադրությունը լավագույն դեպքում կլինի մի քանի տարուց, մենք չենք խոսում ափալ-թափալ որևիցե պրոցեսի մասին», - ասաց Դանիել Իոաննիսյանը։
Խորհուրդը հաջորդ շաբաթ էլ կհավաքվի։