Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Այս տարվա հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ունենալու մասին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Այս հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն հայտարարեց, թե խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդել է՝ եթե Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։
Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։
Երևանը պաբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով։
Երևանից նաև մտահոգություններ են հնչում, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում Սահմանադրության փոփոխությունը պայման դարձնելը բանակցությունները ձգձգելու, փակուղի մտցնելու փորձ է։
Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի ֆոնին՝ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։