Մատչելիության հղումներ

Քաղաքացիներն արձագանքում են վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք


Վարչապետի այսօրվա ուղերձը, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք, մարդիկ միանշանակ չեն ընդունում: Ավելին՝ նրանցից շատերը, չհամաձայնելով Նիկոլ Փաշինյանի հետ, հարցնում են՝ ի՞նչ հիմնավորմամբ է կառավարության ղեկավարն այժմ պնդում, թե երկրի հիմնական օրենքը պետք է փոխվի:

Սահմանադրության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում վարչապետը ներկայացնում է նոր Սահմանադրություն ունենալու իր բացատրությունը՝ «բոլորիս հայտնի հանգամանքների բերումով Հայաստանի քաղաքացին չի համարում, որ մայր օրենքն իր ու իր հարևանի, համայնքի, պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին ունեցած պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում»: Մեզ հետ զրուցած քաղաքացիներին, սակայն, Նիկոլ Փաշինյանի փաստարկներն այնքան էլ չեն համոզել:

Նոր Սահմանադրութուն ունենալու մասին վարչապետը նաև տարեսկզբին էր խոսել, այն ժամանակ էլ ասել էր, թե պատճառն առաջին հերթին «տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան»:

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - ասել է Փաշինյանը:

Հայաստանի մայր օրենքը փոխել տևական ժամանակ է պահանջում է Բաքուն։ Իլհամ Ալիևն անգամ պնդում է, թե առանց դրա խաղաղության պայմանագիր չի ստորագրվի: Հենց այս պահանջների ֆոնին վարչապետ Փաշինյանը մայիսին հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։ Հանձնարարականից անցել է մոտ մեկուկես ամիս, սակայն Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անգամ նիստ չի անցկացրել:

Հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը, ով կողմ է նոր Սահմանադրությանը, դժգոհ է խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանի աշխատանքից, պնդում է՝ վարչապետը նախ պետք է նրան հեռացնի:

«20 թվականին հանձնաժողովի նախագահ էր Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովում էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մենք 6-7 ամսում ավելի շատ աշխատանք ենք կատարել, քան հիմա այս 2,5 տարում Կարեն Անդրեասյանի և Գրիգորի Մինասյանի գլխավորությամբ», - նշեց Իոաննիսյանը:

Արդարադատության նախարարը վարչապետի հանձնարարականից հետո ընդհանրապես նոր Սահմանադրության հարցին հրապարակավ չի անդրադարձել։ Նրա ղեկավարած խորհուրդը նիստ կանցկացնի այս ամսվա կեսերին, սակայն օրակարգում ոչ թե նոր Սահմանադրության, այլ հիմնական օրենքում ամրագրված կայուն մեծամասնության դրույթը փոփոխելու հարցն է: Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը պետք է փոխվի, ընդ որում՝ դա, ըստ նրա, պետք է առանձնացվի ընդհանուր փաթեթից և ընդունվի խորհրդարանում մինչև հաջորդ ընտրությունները:

«Էդ ամեն ինչը պետք է քննարկվի, նախագիծ կազմվի, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, հետո ընդունվի առաջիկա մի տարվա ընթացքում, որպեսզի վերջնական տեսք ունենա Ընտրական օրենսգիրքը՝ ընտրություններից մի տարի առաջ», - ասաց հանձնաժողովի անդամը:

Իսկ նոր Սահմանադրության ընդունման շուրջ բովանդակային քննարկումների և նիստերի անցկացման մասին, Իոաննիսյանի խոսքով, դեռ հստակություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG