Մատչելիության հղումներ

Ժամանակն է, որ Հայաստանը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը. Բայրամով


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, 1-ը մայիսի, 2024թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, 1-ը մայիսի, 2024թ.

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Վաշինգտոնում մասնակցելու են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Երեկ ԱՄՆ մեկնեց Արարատ Միրզոյանը, ադրբեջանական կողմը հաղորդեց, որ այսօր Վաշինգտոն է մեկնել նաև Ջեյհուն Բայրամովը:

Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունները տեղեկացրել են, որ արտգործնախարարները երկկողմ հանդիպումներ են ունենալու։ Բայց թե արդյոք տեղի կունենա Միրզոյան - Բայրամով հանդիպումը, դեռևս պարզ չէ։ Ամեն դեպքում, դեռ երեկ Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վաշինգտոնում Միրզոյան - Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Չի բացառվում, սակայն, որ ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովի ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք բերվի: Ամեն դեպքում, գագաթնաժողովից առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը նշել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ընդգծելով, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։ «Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինեն գագաթնաժողովի շրջանակներում», - ասել էր Վեդանտ Պատելը։

Մինչ հայտնի կդառնա, թե արդյոք ամերիկյան կողմի միջնորդությամբ ի վերջո տեղի կունենա Միրզոյան - Բայրամով հանդիպումը, Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ շտապեց հիշեցնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։

«Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։ Լիակատար խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի», - նշել է Բայրամովը։

Ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ծառայության 105-ամյակի միջոցառմանը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, թե «Իլհամ Ալիևի շնրոհիվ վերջ դրվեց Հայաստանի օկուպացիային, ինչը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն էր երկար տարիներ»:

«Ապահովելով միջազգային աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ անհրաժեշտ քաղաքական և իրավական հիմքեր ստեղծվեցին մեր հաղթանակի համար», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Բայրամովը նաև ասել է, որ անցյալի հակամարտությանը վերջ դնելով, նոր հնարավորություններ և իրողություններ են ստեղծվել տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման և համագործակցության համար:

«Այս պատմական հանգամանքներում մեր երկիրը ինչպես միշտ հանդես է եկել իբրև երկխոսության և խաղաղության ջատագով, և ժամանակն է, որ հայկական կողմը տարածքային պահանջներ ներկայացնելու փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ, իր հերթին, շեշտել է, թե եկել է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն կերտելու ժամանակը:

«Մեր տարածաշրջանը համագործակցության կարիք ունի, ոչ թե զենքի», - հայտարարել է նա:

Ի դեպ, զենքի փոխարեն խաղաղության կարևորություն մասին հայտարարող Բաքուն, ըստ բաց աղբյուրների, 2020-ի պատերազմից հետո էլ ակտիվորեն զինվում է, զենք-զինամթերք ձեռք բերելով նաև Իսրայելից և Թուրքիայից։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին, Հաջիևն ասել է, թե պետք է լինել անկեղծ և չփորձել իմիտացիոն քայլեր անել, շեշտելով, թե այս առումով շատ կարևոր է Հայաստանի ներքին լսարանի պատրաստակամությունը։

Չնայած խաղաղության պատրաստակամության մասին այդ հայտարարություններին՝ Ադրբեջանը, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, դրական չի արձագանքում խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ամբողջացնելու և ստորագրելու Երևանի առաջարկին։ Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG