Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման վեց տարիների ընթացքում հակասական հայտարարություններ է արել Սահմանադրության մասին։ Առաջին անգամ չէ, որ վարչապետը խոսում է Մայր օրենքի փոփոխության կամ նորն ընդունելու անհրաժեշտությունից։
Սակայն 2018-ից մինչև օրս հուլիսի 5-ի շնորհավորական ուղերձներում ու հայտարարություններում երկրի Մայր օրենքի փոփոխությունները Հայաստանի ղեկավարը պայմանավորել է տարբեր իրավիճակներով ու հանգամանքներով։
«Հայաստանում տեղական իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է, ֆեոդալների ժամանակը անցել է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է և հպարտ է». - Թավշյա հեղափոխությունից երկու ամիս անց՝ 2018-ի հուլիսի 5-ին Փաշինյանը Սյունիքում էր, որտեղ էլ մեջբերելով Մայր օրենքը՝ հայտարարարեց՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, Հայաստանի քաղաքացին պատասխանատու է իր երկրի համար։
Սահմանադրություն փոխելու մասին որևէ ակնարկ այդ օրը չարեց, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսին երևանյան հանրահավաքի ժամանակ խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ արդեն հայտարարեց. - «Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ»:
2019-ին Փաշինյանը լակոնիկ էր։ Որևէ բառ մայր օրենքը փոխելու մասին հուլիսհինգյան ուղերձում չկար։ Հայաստացիների տոնը շնորհավորեց ֆեյսբուքյան կարճ գրառումով՝ կրկին մեջբերելով Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածները. - «Այս հոդվածներում տեղ գտած դրութների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն։ Մտքով, աշխատանքով և դուխով»:
Տարեվերջին արդեն սահմանադրական բարեփոխումների հարցով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսվեց։
2020-ի ամռանը՝ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ, Փաշինյանի ուղերձը զգալիորեն տարբերվեց նախորդներից՝ և՛ ծավալով, և՛ շեշտադրումներով։ Վարչապետը նախ կիսատություն նկատեց պետականորեն նշվող օրվա մեջ: Հիշեցրեց երեք անգամ փոփոխված Մայր օրենքը, որն իր համոզմամբ վստահելի չի համարվել հանրության կողմից, արդեն բաց տեքստով խոսեց նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին.
«Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի
ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունն ամրացնելու, ժողովրդի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի»:
Եթե 2020-ի ուղերձում Փաշինյանը հույս էր հայտնում, որ հանրաքվեն կանցկացվի արդեն հաջորդ տարի, ամիսներ անց վրա հասած պատերազմը, 2021-ի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերախմբագրեցին նրա հաջորդ տարվա ուղերձը։ Այս անգամ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին ուղիղ չխոսեց.
«Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով»:
2022-ին վարչապետը թերևս հասցրեց յոթ անգամ չափել, բայց դեռ չկտրել.
«Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում»:
Դատաիրավական համակարգի բարեփոխումների «դանդաղ» ընթացքի, սոցիալական ոլորտում «ահռելի» փոփոխությունների մասին վարչապետը վեց տարիների ընթացքում իր ուղերձներում անդրադարձել է։ 2023-ի հուլիսի 5-ին, երբ Արցախն ադրբեջանական բլոկադայի մեջ էր, Փաշինյանն առանձին շեշտադրումով խոսեց անվտանգային խնդիրներից՝ ընդգծելով՝ սահմանադրական իրականության ապահովման ոլորտում ամենամեծ մարտահրավերը մնում է արտաքին անվտանգությունը.
«Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը»:
Ամիներ անց Արցախը հայաթափվեց, ավելի ուշ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում։
Բաքուն արդեն ամիսներ շարունակ հետևականորեն պահանջում է Երևանից փոխել Մայր օրենքը՝ սա համարելով խաղաղության պայմանագրի կնքման նախապայման։ Ադրբեջանը խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրությունում Անկախության հռչակագրի հղումը, որը հենվում է «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» դեռևս 1989-ին ընդունված որոշման վրա:
Այս տարեսկզբին կարմիր շորի և ցլի մասին ալեգորիկ համեմատություններ անող Փաշինյանն այսօր՝ Սահմանադրության տոնի առթիվ կրկին հայտարարեց՝ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք։ Արտաքին սպառնալիքների մասին չէր, սակայն, այս անգամ շեշտադրումը, այլ ժողովուրդ-օրենք հարաբերությունների.
«Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին»:
Իշխանության վեց տարիների ընթացքում պետական այս տոնի առթիվ արված ուղերձներից բացի, Մայր օրենքի փոփոխության մասին վարչապետի շեշտադրումները պարբերաբար փոխվել են նաև տարբեր ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ժամանակ։ Եվ գրեթե բոլոր հայտարարությունները ուղիղ կապ ունեն այն բանի հետ, թե ինչ ներքաղաքական իրավիճակ է եղել այդ պահին Հայաստանում։