Մատչելիության հղումներ

Փաշինյանը կրկին շեշտում է՝ «մեր երկրին նոր Սահմանադրություն է հարկավոր»


Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն», - այսօր Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ - «Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան և այդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը»:

Ընդգծելով, թե Հայաստանի քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում, այլ համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում՝ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:

«Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ», - հայտարարել է գործադիրի ղեկավարը:

Շեշտելով, որ անշեղորեն պիտի շարունակել Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու ճանապարհը՝ Փաշինյանն ասել է՝ սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է։

Ըստ վարչապետի՝ այսօր Հայաստանը ճիշտ ճանապարհով է ընթանում, սակայն, Փաշինյանի խոսքով, այդ ճանապարհն անցնելու համար պետք է կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա։

«Հայաստանի Հանրապետության պետական շահն ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար, և մենք չպետք է շեղվենք այս նպատակից», - եզրափակել է գործադիրի ղեկավարը:

«Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ»

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև նախագահ Վահագն Խաչատրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ Սիմոնյանն ընդգծել է ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու հաստատակամությունն ու վստահեցնել, որ «Ազգային ժողովն իր օրինաստեղծ գործունեության ճանապարհին որևէ ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ, արժանապատիվ ու հարմարավետ դարձնելու համար»:

Վահագն Խաչատրյանն էլ, մասնավորապես, նշել է, որ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը:

Նախագահը միևնույն ժամանակ նկատել է՝ Սահմանադրությունը հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, որպես ուղեցույց՝ իղձերի ու երազանքների Հայաստանը կերտելու ճանապարհին:

Սահմանադրության օրը շնորհավորել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Այս տարվա հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ունենալու մասին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Ընդդիմությունն այն ժամանակ արձագանքեց, թե Երևանը Բաքվի պահանջով է ուզում նոր Սահմանադրություն ընդունել։ Իշխանությունն էլ հերքեց, թե դրսից նման պարտադրանք կա։

Փաշինյանի հունվարի 19-ի հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն ասաց, թե խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»: Հայաստանը սա միջամտություն է համարում երկրի ներքին գործերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG