Միջանցքը հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից. Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ

«Խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնություններն են», - հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ շեշտելով՝ «տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղության հաստատման համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում՝ միանշանակորեն հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից»։

«Սահմանադրական փոփոխությունները կարևոր են այն բանի համար, որ Հայաստանը հրաժարվի իր հավակնություններից, և ապագա կառավարությունների կողմից ևս հարգվի ստորագրված համաձայնագիրը»,- ընդգծել է Ամիրբեկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

Նրա խոսքով, նույնիսկ եթե կողմերին հաջողվի համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, անհրաժեշտ է, որ Հայաստանի իրավական և սահմանադրական դաշտը համապատասխանեցվի դրան, որպեսզի պայմանագիրը կարողանա կիրառվել ոչ միայն գործող, այլև ապագա կառավարությունների օրոք։

«Այսօր իսկապես առկա են խաղաղության համաձայնագրի կնքման համար լավ հնարավորություններ, սակայն գնդակը հայկական կողմում է, և Հայաստանը պետք է ճիշտ որոշում կայացնի», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Բաքուն տևական ժամանակ է՝ բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա Երևանի ներքին գործն է, հետո՝ թե Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, այժմ էլ հղում են անում Սահմանադրական դատարանի որոշմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց դրա փոփոխությունը նախապայման չեն դարձնում նաև այն պատճառով, որ խաղաղության բանակցությունները չմտնեն փակուղի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ

«Զանգեզուրի միջանցքը» շահավետ կլինի բոլոր կողմերի համար»

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը նշել է, որ նախագիծը շահավետ կլինի բոլոր կողմերի համար։

«Մեզ համար այն կարևոր է, քանի որ կապահովվի Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։ Հայաստանին այն հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից և մասնակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը։ Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ նաև Միջին միջանցքի այլընտրանքային ճանապարհ»,- ասել է Ամիրբեկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի»․ ինչու «Խաղաղության խաչմերուկն» իրականություն չի դառնում

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան հստակ աջակցում է միջանցքի բացմանը, և Ռուսաստանն էլ ցուցաբերել է շահագրգռվածություն՝ հավելելով․ - «Զանգեզուրի միջանցքի գործարկումը նաև կարող է հետաքրքրել Իրանին, քանի որ այն հնարավորություն կընձեռի ընդլայնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ դառնալով կարևոր գործոն տարածաշրջանային վստահության ամրապնդման գործում»։

Այս տարեսկզբին Բաքուն հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն, իր հերթին, պնդել էր, թե Բաքուն, նման պահանջ դնելով, հիմնվում է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության վրա, որի 9-րդ կետն ասում է, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ տեղաշարժ ապահովի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև»։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար». Թեհրանն ու Երևանը քննարկել են ապաշրջափակման հարցը