Պաշտոնական Երևանը կրկին հակադարձում է Բաքվին՝ Հայաստանի Սահմանադրության հետագա տեքստում որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ։
Այսօր «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով Բաքվի վերջին հայտարարություններին, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, մասնավորապես, հայտարարել է․ - «ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ»։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը երեկ պնդել է, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին»՝ նշելով, թե Հայաստանը հրաժարվում է ճանաչել նոր իրողությունները և շարունակում է «չմտածված ռազմավարություն վարել՝ փորձելով ամեն գնով փաստաթուղթ կնքել»։
Երևանը բազմիցս հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։
«Արմենպրեսի» դիտարկմանը, թե Բաքուն պնդում է, որ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում էլ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, Բադալյանը կրկին վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ շեշտել է՝ երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք:
«Հետևաբար, Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Բադալյանը նաև ընդգծել է՝ Խաղաղության պայմանագրի ձևակերպումն այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաև ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» ունի:
«Իսկ Ալմա-Աթայի հռչակագրի այն մեկնաբանությունը, որ առկա է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ձևակերպումներում, իրականում կարող է նշանակել, որ Ադրբեջանն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից, պարզապես Հայաստանին ուղղված մեղադրանքներով ցանկանում է դա քողարկելու ծխածածկույթ ստեղծել», - նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Այխան Հաջիզադեն, մասնավորապես, ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագրին Հայաստանի արտահայտած հավատարմությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում
«ՀՀ-ն հարձակողական օրակարգ չունի»
Անդրադառնալով Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, որը Բաքուն «զանգվածային միլիտարիզացիա» է անվանում՝ Բադալյանը նախ խորհուրդ է տվել համեմատել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը թե՛ բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, ապա հիշեցրել նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հայտարարությունները, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է:
«Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանը բազմիցս Ադրբեջանին առաջարկել է և հիմա էլ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել, և Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք՝ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն որդեգրելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ», - նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ վերահաստատելով՝ Հայաստանի Հանրապետությունը բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելը, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի:
«Մինչդեռ, Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով», - ասել է Բադալյանը։
Հրադադարի խախտումների մասին Բաքվի մեղադրանքների ֆոնին էր վարչապետ Փաշինյանը հրադադարի ռեժիմի խախտման, սպառազինությունների վերահսկման հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկ արել Բաքվին։
Բադալյանը հիշեցնում է՝ ՀՀ-ն է պաշտպանել COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը
Իսկ Բաքվի այն քննադատություններին, թե Հայաստանը համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ, Բադալյանը նախ հիշեցրել է՝ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, և չէր ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր:
Շեշտելով, որ Բաքուն անարձագանք է թողնում Երևանը բարձրացրած հարցերը, թե արդյո՞ք Ադրբեջանն ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, արդյո՞ք հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք հրաժարվում է խաղաղության օրակարգից, ինչպես նաև ընդգծելով պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը՝ Բադալյանը հայտարարել է՝ հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար:
Նման վերլուծությունների թիվն ընդ որում, ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի, գնալով շատանում է:
«Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը», - եզրափակել է Բադալյանը։
2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ զինծառայողների: Հայաստանն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատեց 2 ադրբեջանցի զինծառայողների: Հայաստանը նաև իր աջակցությունը հայտնեց COP29-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը։
Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Օրերս Երևանում, Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝COP29-ին մասնակցելու հարցով Երևանը դեռ որոշում չունի։