Մատչելիության հղումներ

«Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար». Թեհրանն ու Երևանը քննարկել են ապաշրջափակման հարցը


Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», «Հյուսիս - հարավ» տրանսպորտային միջանցք և տարածաշրջանի ապաշրջափակում. սրանք էին Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով այսօր Թեհրան ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկման հիմնական թեմաները նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։

Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ շեշտելով. - «Իրանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։

Վարչապետ Փաշինյանի գրասենյակը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անդրադարձի մասին ոչինչ չի հաղորդում։ Փոխարենը, Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին է ներկայացրել տարածաշրջանային ափաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, 30-ը հուլիսի 2024թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, 30-ը հուլիսի 2024թ.

Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից, սակայն, պարզ չի դառնում՝ արդյոք Մասուդ Փեզեշքիանը ողջունել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը»։ Միայն նշվում է, թե Իրանի նորընտիր նախագահը խոսել է բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելու մասին, և որ Իրանի համար առանցքային է տարածաշրջանում խաղաղության պահպանումը։

Ավելի վաղ, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտել էր՝ Իրանը դեմ չէ ճանապարհների ապաշրջափակմանը, դեսպանը փակագծեր էր բացել՝ ներկայացնելով, թե որոնք են այս հարցում Թեհրանի կարմիր գծերը։

Իրանի դեսպանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 12-ը հուլիսի, 2024թ.
Իրանի դեսպանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 12-ը հուլիսի, 2024թ.

«Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի, այսինքն, այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ, սա է մեր կարմիր գիծը, մնացած ապաշրջափակումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգել Հայաստանի օրենքները», - նշել է Սոբհանին:

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ Փաշինյանի հետ հանդիպմանն Իրանի նախագահն խոսել է «Հյուսիս- հարավ» միջազգային միջանցքի կարևորագույն նշանակություն մասին։ Փեզեշքիանն ասել է, որ Իրանի համոզմամբ՝ տրանսպորտային ուղիները, ներառյալ «Հյուսի - հարավը», հնարավորության կստեղծեն տարածաշրջանի երկրների զարգացման համար։ Իրանի նախագահն ընդգծել է, որ այս նախագծերի իրականացումը կլինի իր կառավարության առաջնահերթությունների շարքում։

Հայաստանի վարչապետն էլ իր հերթին, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարևորել է իրանական կողմի ներգրավվածությունը հայաստանյան «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։

Հայաստանի կառավարությունն անցած տարի պայմանագիր կնքեց իրանական երկու ընկերությունների հետ` Հայաստանն Իրանին կապող Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության համար:

Ռազմավարական նշանակության 32 կմ այս ճանապարհը, որը ներառում է կամուրջներ ու թունելներ, պետք է կառուցվի երեք տարում, որի արժեքը շուրջ 215 միլիոն դոլար է: Շինարարական աշխատանքները, սակայն, մեկնարկել են միայն այս տարվա մայիսից։

Փեզեշքիանը հանդիսավոր երդվեց երկրի խորհրդարանում

Իրանի 9-րդ նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր հանդիսավոր երդվեց երկրի խորհրդարանում։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ երդմնակալությանը մասնակցում էին շուրջ 70 երկրների պատվիրակություններ։ Արարողության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստած էր նորընտիր նախագահի հարևանությամբ՝ նույն շարքում։

Ադրբեջանական պատվիրակությունը երդմնակալությանը մասնակցում էր ոչ թե նախագահ Իլհամ Ալիևի, այլ վարչապետ Ալի Ասադովի գլխավորությամբ։ Վրաստանից մասնակցում էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թուրքիայից՝ արտգործնախար Հաքան Ֆիդանը։ Ներկա էր նաև Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի քաղաքական բյուրոյի ղեկավարը։

Հարևանները չպետք է իրենց թանկարժեք ռեսուրսները ծախսեն պատերազմների վրա. Փեզեշքիան

Իր ելույթում Իրանի նորընտիր նախագահը շեշտեց՝ աշխարհը պետք է օգտագործի բացառիկ հնարավորությունը և լուծի տարածաշրջանային և գլոբալ խնդիրները ուժեղ, արժանապատիվ ու խաղաղություն փնտրող Իրանի մասնակցությամբ։

Մասուդ Փեզեշքիանը նաև ընդգծեց՝ իր վարչակարգը պատրաստ է շարունակել բանակցություններն աշխարհի ուժային կենտրոնների հետ, որպեսզի վերացնի Իրանի եմ պատժամիջոցները։ Նորընտիր նախագահը պնդեց՝ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի:

«Ճնշումները և պատժամիջոցները չեն աշխատում, Իրանը մշտապես պատմության ճիշտ կողմում է, Իրանը ապահով, միացյալ և կայուն երկիր է», - վստահեցրեց Փեզեշքիանը։

Խոսելով տարածաշրջանի երկրների մասին՝ Իրանի նախագահն ասաց, թե հարևանները չպետք է իրենց թանկարժեք ռեսուրսները ծախսեն պատերազմների ու հակամարտությունների վրա։

«Իմ կառավարությունն ուզում է ուժեղ տարածաշրջան», - ասաց Իրանի 9 - րդ նախագահը։

Ի դեպ, նախօրեին, երբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Ալի Խամենեին պաշտոնապես հաստատեց Մասուդ Փեզեշքիանին որպես նոր նախագահ, նրան հորդորեց կենտրոնանալ Իրանի հարևանների, այլ ոչ թե արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա:

Իրանի օրենսդրության համաձայն, նորընտիր նախագահը 15 օրվա ընթացքում իր կաբինետին կներկայացնի խորհրդարանի հստատմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG