Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «մենք պետք է վստահ լինենք, որ դա հարատև խաղաղություն է լինելու», հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ կրկնելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին Բաքվի նախապայմանը։
«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը Ադրբեջանի տարածքի հանդեպ Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Երբ այս հարցը լուծվի, մենք կարող ենք առաջ շարժվել», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հայաստանի իշխանությունը Սահմանադրության փոփոխությունը համարում է իր ներքին հարցը, իսկ այն փոխելու Բաքվի պահանջները որակում անընդունելի:
Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը. - «Մենք չենք ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի»։
Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը նաև նշել է, որ Բաքուն ակնկալում է Հարավային Կորեայի աջակցությունը ականազերծման գործում։
«Ադրբեջանի տարածքի 12 տոկոսը ականապատված էր։ Վերջին տարիներին մեզ հաջողվել է ականազերծել այդ տարածքների միայն 13 տոկոսը։ Այդ իսկ պատճառով 800 հազար ներքին տեղահանվածներից իրենց տներ են վերադարձել միայն 8 հազարը», - նշել է նա։
Պաշտոնական Երևանն այս տարվա հունվարի 26-ին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին։