Մեր մեղքով չէ, որ Գյումրին թողնվել է անգլուխ. ՔՊ-ական պատգամավոր

«Գյումրիում մարդիկ ստացել են քաղաքացու քվեն և որևիցե հիմք չունենալով, այլ մեկնաբանելով ինչ-որ քրեական գործ, որ իրավական գործընթաց է, բացարձակ քաղաքական չի, թողնում են պաշտոնները և հեռանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Գյումրիում տասն օրից տեղի կունենան քաղաքապետի պաշտոնակատարի ՔՊ-ական թեկնածուի նախնական ընտրություններ, երեկ վարչապետը հայտնեց՝ բնորոշելով փրայմրիզ:

Ավելի վաղ ՔՊ-ն ասել էր, որ իր թեկնածուն Կարեն Սարուխանյանն է։ «Ազատության» դիտարկմանը, թե այս ճանապարհով նրա հա՞րցն է լուծվում, որը թմրանյութերի աղմկահարույց պատմության մեջ հայտնվեց, պատգամավորն ասաց, թե մեկը մյուսի հետ առնչություն չունի։

Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտության հետ չի հաշտվում խոշոր քաղաքներում, ինչպես օրինակ՝ Վանաձորում, Ալավերդիում, հիմա էլ Գյումրիում, Լիլիթ Մինասյանը նշեց, որ քաղաքական գործընթացները նրա մասին են, որ քաղաքական ուժը միշտ պետք է ձգտի իշխանության։

«Եվ այո, որոշակի համայնքներում, երբ տեսնում ենք, որ քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ կարող ենք դառնալ իշխանություն, առանց որևէ իրավական խնդիր առաջացնելու, առանց որևէ քաղաքացու ձայն գողանալու, առանց որևէ ընտրական գործընթացը կեղծելու, բնականաբար այդ գործընթացները կարող են տեղի ունենալ, բայց խոսքը դրա մասին չէ։ Այժմ մեր մեղքով չի, որ քաղաքը թողնվել է անգլուխ», - հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.