Մատչելիության հղումներ

Հովիկ Աղազարյանին ժամեր շարունակ հարցաքննել են, հեռախոսն առգրավել


Արխիվ
Արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Նա մի քանի ժամ հարցաքննվել է:

Իշխող խմբակցության պատգամավորն «Ազատության» հետ զրույցում հաստատել է կոմիտեում գտնվելու փաստը: Հովիկ Աղազարյանը խոստացել էր ավելի ուշ պատասխանել «Ազատության» հարցերին, սակայն նրա հեռախոսահամարը դարձավ անհասանելի:

«Ազատության» տեղեկություններով՝ իշխանական պատգամավորի հեռախոսը քննիչներն առգրավել են, նա կոմիտեից հեռացել է առանց հեռախոսի:

Հակակոռուպցիոն կոմիտեից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել:

Հովիկ Աղազարյանն օրեր առաջ էլ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է մանր եղջերավորների գործով։ Ըստ այդ գործի՝ կասկածներ կան, որ նա ոչխարների արտահանման բիզնես է հովանավորել: Մի գործ էլ կոմիտեում հարուցվել է Քննչականի նախկին պետի հետ միջադեպից հետո, երբ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, թե պատգամավորը իր որդու հետ կապված քրեական գործին միջամտել է:

Թե այսօր որ գործով են իշխանական պատգամավորին ժամեր շարունակ հարցաքննել, դեռ հայտնի չէ: Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին: Նա «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե վարչապետ Փաշինյանն իրեն հորդորել է մանդատը վայր դնել: Ասել էր, թե մանդատը մի պայմանով վայր կդնի, եթե Արգիշտի Քյարամյանը ապացուցի, որ ինքը, պաշտոնական դիրքն օգտագործելով, միջնորդել է որդու համար:

XS
SM
MD
LG