«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան այն, որ արեց ինքն իմ գլխին», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Դառնացած Աղազարյանն այս հայտարարությունն արեց խորհրդարանի խոսնակի հետ երեկ իր մանդատի հարցով մոտ 40 րոպե տևած հանդիպումից հետո։ Պատգամավորը Ալեն Սիմոնյանի հրավերով է հանդիպման գնացել, բայց զրույցի մանրամասները չպատմեց: Արդյոք Ալեն Սիմոնյանը սպառնացել կամ ճնշել է իրեն, որ հրաժարվի մանդատից, պարզ չէ. Աղազարյանի արձագանքից պարզ դարձավ միայն, որ խորհրդարանի խոսնակի հետ զրույցն այնքան էլ հարթ չի անցել:
«Չէ, վիրավորական չէր, ո՞ւր էր, թե վիրավորական լիներ, պատասխանն ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով», - ասաց նա։
Իսկ խորհրդարանի նախագահը, խոսնակի փոխանցմամբ, չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ Հովիկ Աղազարյանի այս հայտարարությունների վերաբերյալ։
Մեկ շաբաթից ավելի է՝ Հովիկ Աղազարյանը որոշումը ձգձգում է, ի տարբերություն մյուս կուսակցի՝ Նարեկ Զեյնալյանի, վարչապետի հորդորից հետո նա դեռ մանդատը վայր չի դրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթավերջին անգամ հրապարակային հույս հայտնեց, որ Աղազարյանի պարագայում էլ իր խնդրանքն անարձագանք չի մնա: Հետո Աղազարյանը խոստացավ՝ որոշումը կհայտնի երկուշաբթի երեկոյան, բայց ծրագիրը փոխվեց։ Պատճառը մանկության ընկերոջ զանգն էր Մոսկվայից: Խնդրել է մինչև որոշում կայացնելը սպասել իր՝ Հայաստան գալուն, լրագրողներին փոխանցեց պատգամավորը. - «Հիմա ես սպասում եմ իր գալուն»:
Հարցին, թե այդ անձը վարչապետ Փաշինյանից ավելի մե՞ծ հեղինակություն է իր համար, պատասխանեց. - «Ինձ համար ինքը բացարձակ հեղինակություն է»։
Վարչապետը հարցազրույցից հետո Աղազարյանի թեմային այլևս չի անդրադարձել, փոխարենը ակտիվացել են թիմակիցները: Պատգամավորը չի թաքցնում՝ նրանք էլ մանդատի հարցով ճնշում են իրեն։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պնդեց՝ քաղաքական պատասխանատվություն պետք է լինի. - «Քաղաքական պատասխանատվությունը պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից»։
Իշխանական մեկ այլ պատգամավոր Էմմա Պալյանը չգիտի՝ ինչու մինչ այս պահը Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չի դրել, եթե վարչապետն իրեն դիմեր, ինքը նույն պահին դա կաներ. - «Եթե երկրի վարչապետը, կուսակցության վարչության նախագահը որևէ հորդորով է հանդես գալիս, ապա դա քննարկելու թեմա չի կարող դառնալ, և ես կարծում եմ՝ պիտի այդ հորդորը լսելի ու նաև իրագործելի դառնա»։
Աղազարյանի համար, ինչպես արդեն ասել է, բացարձակ հեղինակություն չէ վարչապետը, այլ իր մոսկովյան ընկերը, միայն թե, ըստ Աղազարյանի, հստակ չէ՝ նա մեկ օրից Հայաստանում կլինի, թե մեկ տարուց:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.