«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին», - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երեկ 40 րոպե տևած հանդիպումից հետո, այսօր ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը, միայն ասաց, որ իրեն չի վիրավորել։
«Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով», - ասաց իշխանական պատգամավորը։
Հովիկ Աղազարյանի հայտարարության վերաբերյալ «Ազատություն»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Ազգային ժողովի նախագահից։ Ալեն Սիմոնյանի խոսնակը, սակայն, փոխանցեց՝ ԱԺ նախագահն այդ թեմայով որևէ մեկնաբություն չի տալիս:
Պատգամավորն այսօր նաև նշեց, որ այս պահին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում չունի, սպասում է իր ընկերոջը, որ պետք է Հայաստան գա արտասահմանից։
«Երեկ ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից՝ իմ մանկության, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն, երեկոյան կասի, երբ է գալու»,- ասաց Աղազարյանը։
Թե ում մասին է խոսքը, պատգամավորը կրկին չակերտներ չբացեց։
Կառավարության անդամների հրաժարականների օրերին լրատվամիջոցները գրեցին՝ մանդատները վայր դնելու հորդորներ վարչապետից պատգամավոր Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանն էլ են ստացել։ Աղազարյանը հակադարձել էր՝ նշելով, թե Փաշինյանն անգամ ակնարկ չի արել իր հեռանալու մասին։
«Ինձ նման խոշորագույն գործչին վարչապետը չի ստիպի մանդատից հրաժարվել», - ասել էր իշխանական պատգամավորը։
Աղազարյանի այս հայտարարությունից երկու օր անց, սակայն, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում, վարչապետն ասաց, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին է դիմել հրաժարականի խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ հույս հայտնելով, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։
Իշխանական Աղազարյանի անունը կապվում է երկու տարբեր քրեական գործերի հետ, մեկն առնչվում է մանր եղջերավորների գործին, կասկածներ կան, թե ինքը մանր եղջերավորների բիզնեսում հովանավորչություն է արել։ Օրերս էլ նա հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ խորհրդարանում Քննչականի արդեն նախկին ղեկավարի հայտարարությունից հետո․ պատգամավորն ու Քյարամյանը լեզվակռվի էին բռնվել, երբ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ իշխանական պատգամավորը միջամտել է որդուն վերաբերող՝ ավտոներկրողների քրեական գործին։