Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին երեկ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննել են Քննչական կոմիտեի նախկին ղեկավարի մեղադրանքների գործով։ Նրան գրեթե հինգ ժամ հարցաքննել են, ապա հեռախոսը առգրավել։
«Մի ժամից մի քիչ ավելի տևեց հեռախոսի առգրավման պրոցեսը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Շաբաթներ առաջ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե Աղազարյանը միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։ Հակակոռուպցիոն կոմիտեն փորձում է պարզել՝ պատգամավորը չարաշահե՞լ է պաշտոնեական դիրքը, թե՞ ՔԿ արդեն նախկին ղեկավարը ստում էր։
«Ես պնդում եմ, որ իմ որդու հարցով չեմ դիմել Քյարամյանին», - հայտարարեց իշխանական պատգամավորը։
Այդ դեպքում ինչի՞ հիման վրա էր Քննչականի ղեկավարը խորհրդարանում հրապարակային այդպիսի մեղադրանք հնչեցնում, և ի՞նչ պարզվեց երեկ. Հովիկ Աղազարյանը միայն նշեց՝ հարցաքննության մանրամասները ներկայացնելն անթույլատրելի է։
Լուրեր կան, որ նա Քյարամյանի տեղակալ Արսեն Այվազյանին է դիմել Աղազարյանը։ Իշխանական պատգամավորը Քննչականի փոխնախագահի հետ զրուցելու փաստը չհերքեց, բայց չցանկացավ նախաքննության փուլում բովանդակությունը գաղտնազերծել։
Հնարավո՞ր է, որ իր անունից որդին է փորձել միջամտել կամ շահագրգիռ անձանցից մեկը, հարցին պատգամավորը չպատասխանեց՝ համարելով այն վտանգավոր։
Մինչև նախաքննությունը կավարտվի արդեն լուրեր են շրջանառվում, որ վարչապետ Փաշինյանը հորդորել է Աղազարյանին վայր դնել մանդատը։ Նա հերքում է, որ վերևից նման հորդոր է իջել։ Հովիկ Աղազարյանը հավելեց՝ մանդատից հրաժարվելու մտադրություն չունի և իր անմեղությունն ապացուցելու համար կպայքարի մինչև վերջ. - «Եթե Քյարամյանի հայտարարությունը հաստատվի, ես իմ մանդատը վայր կդնեմ»։
Հարցաքննությունից հարցաքննություն շտապող պատգամավորը չբացառեց, որ մի օր էլ իր հետևից խորհրդարան կգա գլխավոր դատախազն ու կպահանջի զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։
Փաշինյանի թիմակցի շաբաթը սկսվել ու ավարտվում է հարցաքննությամբ։ Շաբաթվա սկզբին հարազատ կուսակցությունում էին կանչել պարզաբանումների, Քյարամյանի հետ միջադեպով մի վարույթ էլ այստեղ կա։ Վաղն էլ մանր եղջերավորների գործով է նորից Հակակոռուպցիոն կոմիտե գնալու։ Այդ գործով էլ կասկած կա, թե ոչխարների արտահանման բիզնես է հովանավորել։ Այս գործով նա վկայի կարգավիճակ ունի, ասաց՝ այս գործն էլ շուտով կավարտվի։
Թե ինչպես կանդրադառնա իր պատգամավորական ճակատագրի վրա, պարզ չէ։ Իսկ եթե ամեն դեպքում այնպես ստացվի, որ մանդատը վայր դնի, ի՞նչ կպակասի Փաշինյանի թիմում, խորհրդարանում, ասաց. «Կպակասի մի հատ հավեսին պատգամավոր»։