ԱՄՆ նորընտիր նախագահի ու Ռուսաստանի նախագահի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել, դա ամբողջությամբ սխալ տեղեկություն է, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մասին երեկ Washington Post-ն էր հաղորդել՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ այդ հրապարակման, զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին, Թրամփն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու հնարավորությունները։ Թրամփը նաև Պուտինին հորդորել է «չսրել պատերազմն Ուկրաինայում»՝ հիշեցնելով, որ Ամերիկան զգալի զինուժ ունի Եվրոպայում։
Պուտինի խոսնակը հերքել է այս տեղեկությունները։
Հարցին՝ իսկ նման զրույց նախատեսվո՞ւմ է, Պեսկովը պատասխանել է՝ առայժմ հստակ պլաններ չկան։ Ավելի վաղ՝ երեկ, նա ընդգծել էր, թե Թրամփից Կրեմլում դրական ակնկալիքներ կան։
«Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը գոնե խոսել է խաղաղության և չի խոսել Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու ցանկության մասին, և դա նրան շահեկանորեն տարբերում է ներկայիս վարչակազմից», - հայտարարել է Պուտինի խոսնակը։
Ընտրություններից առաջ Հանրապետական թրամփը հայտարարում էր, թե Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կարող է մեկ օրում՝ մեկ զանգով կանգնեցնել արդեն երկու տարուց ավելի շարունակվող պատերազմը։ Վերլուծաբանները չեն բացառում, որ դա կարող է տեղի ունենալ Ուկրաինայի հաշվին՝ դրդելով Կիևին գնալ ցավոտ զիջումների։
Այս մտահոգությունների ֆոնին այսօր Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդներն են հանդիպում Փարիզում։
Բրիտանական The Telegraph-ի հաղորդմամբ, Քիր Սթարմերն ու Էմանյուել Մակրոնը պատրաստվում են համոզել Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Ջո բակդենին մինչև առաջիկա հունվար՝ իր պաշտոնավարման ավարտը թույլ տալ, որ Ուկրաինան արևմտյան զենքով հարվածի Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։
Մոսկվան սպառնում է՝ դա կնշանակի ուղիղ հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, մի բան, որին, ըստ վերլուծաբանների, Եվրոպայում այսօր քչերն են պատրաստ։
Գերմանիան պատրաստվում է արտահերթ ընտրությունների, Մակրոնի դիրքերն ամուր չեն, Մեծ Բրիտանիայի վարչապետի վարկանիշն էլ հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի՝ ընդամենը մի քանի ամսվա պաշտոնավարումից հետո։
«Ռուսաստանը կշարունակի իր հատուկ գործողությունը, քանի դեռ չի հասել իր նպատակներին», - կրկնել է Պուտինի խոսնակը։
Դրանց հասնելու համար Կրեմլն այս գիշեր կրկին ռմբակոծել է ուկրաինական բնակավայրերը։ Զապորոզժիե և Նիկոլաև քաղաքներում վեց խաղաղ բնակիչ է զոհվել։ Կիևում կրկին օդային տագնապ է հայտարարվել՝ ստիպելով հազարավոր մարդկանց մետրոյի կայարաններում ապաստանել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է նաև Խարկովի շրջանում մեկ բնակավայր գրավելու մասին, զուգահեռ ռուսները պատարստվում են մեծ հարձակման Կուրսկի մարզում կենտրոնացած ուկարինացիների դեմ։
Ըստ New York Times-ի՝ Մոսկվան այդ շրջանում 50 հազարանոց զորք է տեղակայել, այդ թվում՝ հազարավոր զինվորներ Հյուսիսային Կորեայից, որոնք առաջիկա օրերին կփորձեն վերադարձնել այն բնակավայրերը, որոնք օգոստոսին անցել էին ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Կրեմլին հաջողվել է ամրապնդել իր պաշտպանությունը Կուրսկում և պատրաստվել հակահարձակման՝ չթուլացնելով դիրքերը Ուկրաինայի արևելյան հատվածում, որտեղ վերջին ամսիներին ավելի քան 1000 քառակուսի կմ է գրավել։
Կիևն ակնկալում է, որ ռուսների ու հյուսիսային կորեացիների համատեղ հակահարձակումը Կուրսկում կարող է սկսվել արդեն առաջիկա օրերին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, մեկնաբանելով հյուսիսկորեացի զինվորների ներգրավելու մասին լուրերը, պնդել էր՝ Մոսկվան և Փհենյանը ռազմական դաշինք են կնքել՝ պարտավորվելով օգնել իրար՝ որևէ մեկի տարածքի վրա հարձակման դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան վավերացնում է ռազմական դաշինքը Փհենյանի հետ