Մատչելիության հղումներ

Ըստ Ուկրաինայի՝ Կիևը նախապես չի տեղեկացվել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին


Պուտին-Թրամփ հանդիպում G20-ի շրջանակներում, Համբուրգ, 2017թ․
Պուտին-Թրամփ հանդիպում G20-ի շրջանակներում, Համբուրգ, 2017թ․

Կիևը նախապես չի տեղեկացվել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին, Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

«Տեղեկությունները, թե ուկրաինական կողմը նախապես տեղեկացված է եղել ենթադրյալ զանգի մասին, կեղծ են։ Հետևաբար, Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ լինել զանգին», - նշել է Տիխին։

Ավելի վաղ The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, գրել էր Ռուսաստանի նախագահի հետ ԱՄՆ նորընտիր նախագահի հեռախոսազրույցի մասին՝ նշելով, թե Կիևը տեղեկացված է եղել Պուտինի հետ հեռախոսազանգի մասին և առարկություններ չի ունեցել։

The Washington Post-ը, վկայակոչելով անանուն աղբյուրները, գրել է, որ այս հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը ռուսաստանցի իր գործընկերոջը կոչ է արել չսրել պատերազմն Ուկրաինայում, «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել, ինչպես նաև հիշեցրել է Եվրոպայում Վաշինգտոնի նշանակալի ռազմական ներկայության մասին:

Ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, և, ըստ լրատվամիջոցների, ասել է, որ կաջակցի Կիևին։

Նախընտրական արշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում ինքը կգտնի լուծում, որը թույլ կտա մեկ օրվա ընթացքում ավարտել Ուկրաինայի պատերազմը։ Միևնույն ժամանակ, Թրամփը երբեք չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG