Իրավապաշտպանի խոսքով՝ Արցախի նախկին պաշտոնյաների մեղադրանքներն ամենայն հավանականությամբ կծանրացվեն

Բաքուն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նոր, ծավալուն մեղադրանքներ է առաջադրել, որոնցով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրա փաստաբանական խմբի հաղորդմամբ՝ խոսքն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով ներկայացված մեղադրանքի մասին է, որոնց ապացույցներն էլ մոտ 25 հազար էջն են։

«Այն բոլոր հանցագործությունները, որ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում, ներկայումս վերագրվում են պարոն Վարդանյանին, օրինակ՝ խոշտանգումներ, անձանց բռնի անհետացում, ագրեսիվ պատերազմի պլանավորում, հրահրում և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որ ներկայացնում է Ադբեջանում պահվող հայ բանտարկյալներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Նրանցից միայն նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանն ունի իր առանձին պաշտպանական խումբը։ Վարդանյանից բացի, Բաքվի բանտում են Արցախի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և ևս երեք նախկին պաշտոնյա։ Նրանցից բացի, հայտնի է նաև 15 մարդկանց մասին, որոնք այժմ Ադրբեջանի բանտերում են։

Քանի որ մյուս բանտարկյալնների գործերում ներգրավված են հանրային պաշտպաններ, իրավապաշտպանը բացատրեց, որ բարդ է տեղեկություններ ստանալը նրանց դեմ հարուցված գործերի վերաբերյալ. - «Այստեղ տեղեկատվությունը սահմանափակ է, իհարկե այն լրացվում է ՄԻԵԴ-ի գործընթացներով։ Կարծում եմ՝ պետք է սպասենք, բայց իմ կանխատեսմամբ՝ մեղադրանքների ծավալի փոփոխություն տեղի է ունենալու նաև մյուս պաշտոնյաների մասով»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Ռուբեն Վարդանյանի գործով ադրբեջանական կողմն իր կազմած ապացույցները ամբողջովին գաղտնի է պահում, դրանց չի ծանոթացել անգամ ինքը՝ Վարդանյանն, այն պատճառաբանությամբ, թե «մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Հայտնի գործարարի պաշտպանական խումբը այս կապակցությամբ հայտարարել է, որ փաստորեն զրկված են անգամ դատավարությանը պատշաճ պատրաստվելու հնարավորությունից, և «այս գաղտնիությունը ևս մի ապացույց է, որ Վարդանյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները շինծու են ու քաղաքական»: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը համաձայն է այս գնահատականների հետ. - «Մեղադրանքն իրավական աբսուրդի ժանրից է։ Մյուս խնդիրը, որ այդ գործընթացները տեղի են ունենում առանց միջազգային ներգրավվածության»։

«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում են»,- իր հերթին ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի փաստաբանը պնդում է՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումները հերքող փաստեր չկան. Բաքուն մերժում է նրա այցերը

Ռուբեն Վարդանյանը որպես Ղարաբաղի պետնախարար պաշտոնավարեց 4 ամիս, Արցախի հայթափումից հետո արդեն ավելի քան 440 օր բանտում է։ Նրա ընտանիքի անդամներն ու փաստաբանները զրկված են Վարդանյանին տեսակցելու հնարավորությունից։ Վարդանյանից բացի, ծանր մեղադրանքներ են առաջադրված նաև Արցախի մյուս նախկին պաշտոնյաներին։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.