Դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են բոլոր հայ ձերբակալվածներին, ադրբեջանական APA գործակալությանը փոխանցել է ԿԽՄԿ-ի հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան։
Նշվում է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ձերբակալվածների հետ և վերջիններիս հնարավորություն է տրվել ընտանիքների հետ նորություններ փոխանակել:
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Այս տարվա հոկտեմբերին Բաքուն նրանց նոր մեղադրանք առաջադրեց՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքով։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերը, սակայն, դեռ դատարան չեն ուղարկվել։