Մատչելիության հղումներ

Ամերիկացի փաստաբանը պնդում է՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումները հերքող փաստեր չկան. Բաքուն մերժում է նրա այցերը


Ջարեդ Գենսեր, արխիվ
Ջարեդ Գենսեր, արխիվ

Վարդանյանի փաստաբանն ահազանգում է՝ Ալիևի վարչակազմը մերժում է Բաքու այցելելու իր դիմումները

Մեկ տարուց ավելի ադրբեջանական բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարում է՝ Ալիևի վարչակազմն այդպես էլ որևէ համոզիչ փաստարկ չի ներկայացրել՝ ապացուցելու, որ իր պաշտպանյալին բանտում չեն խոշտանգել։ Ամերիկացի փաստաբանն «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նաև ահազանգել է՝ Ալիևի վարչակազմը հետևողականորեն մերժում է Բաքու այցելելու իր դիմումները։

«Ադրբեջանի կառավարությունը իր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անունից հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը խոշտանգումների չի ենթարկվել: Միանշանակ կարող եմ պնդել, որ դա սուտ է: Սուտ է, քանի որ ԿԽՄԿ-ն ողջ աշխարհում աշխատում է նույն սկզբունքով՝ երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ գաղտնի չի հայտնում՝ արդյոք անձը ենթարկվել է խոշտանգումների, թե ոչ: Դա միակ ձևն է, որ երաշխավորում է նրանց մուտքը այդ երկիր», - ասել է նա:

Դեռ հունիսին Գենսերն ու Վարդանյանի ընտանիքը հրատապ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե՝ պահանջելով դատապարտել Արցախի նախկին պաշտոնյայի նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Այդ նամակում հայտնել են, որ ապրիլին հացադուլի մեջ գտնվող Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել խմելու ջրից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, մենախցում լույսը վառած պահել 24 ժամ, ստիպել երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ։

Ադրբեջանի իշխանությունը հերքել է այս պնդումները, միաժամանակ մերժել բանտ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու փաստաբանի դիմումը՝ «անհնար դարձնելով ապացույցներ հավաքելու հնարավորությունը»:

«Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ, Ռուբենի խոսքերն են։ Եթե Վարդանյանին իսկապես չեն խոշտանգել, ապա արդարանալու կամ թաքցնելու բան չունեն: Սակայն, նրանք անամոթաբար կեղծ տեղեկություն են տարածում Կոմիտեի անունից։ Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին», - հավելել է փաստաբանը։

Ռուբեն Վարդանյանը քաղբանտարկյալ է. Գենսեր

Ջարեդ Գենսերը քսանմյա փորձով ամերիկացի փաստաբան-իրավապաշտպան է, ով հարյուրավոր քաղբանտարկյալների շահերն է ներկայացրել տարբեր երկրներում։ Գենսերի պաշտպանյալներից են եղել Մյանմայում ընդդիմության առաջնորդ Դո Աուն Սան Սու Չժին, հարավաֆրիկացի հայտնի քաղաքական ակտիվիստ և արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, նաև Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը, Մալդիվների նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդը։ Ամերիկյան New York Times-ը Գենսերին անվանում է «կորզիչ», որը կարողացել է հասնել ավելի քան 340 քաղբանտարկյալների ազատ արձակմանը աշխարհի 20 երկրներում։

«Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում Գենսերը մի քանի անգամ պնդել է՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ու հայաթափումից հետո գերեվարված Ռուբեն Վարդանյանը, որին Ալիևի վարչակազմը մեղադրում է ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորման մեջ, քաղբանտարկյալ է։ Լրագրողի ճշտող հարցին՝ ինչո՞ւ է Վարդանյանին քաղբանտարկյալ համարում, Գենսերը պատասխանել է՝ իր պաշտպանյալը բացեիբաց քննադատել է Իլհամ Ալիևին, ընդդիմացել նրա քաղաքականությանը։

«Մեկ օրինակ բերեմ, թե որքան ծիծաղելի են պարոն Վարդանյանի դեմ առաջադրված մեղադրանքները։ Նա համահիմնադիրն է «Ավրորա» մարդասիրական կազմակերպության, որը մարդասիրական մրցանակ է շնորհում աշխարհն ավելի լավը դարձնող անձանց կամ կազմակերպություններին։ Բայց, սա ներկայացրել են Ռուբեն Վարդանյանի դեմ որպես ապացույց առ այն, որ նա Լեռնային Ղարաբաղում ֆինանսավորել է ապօրինի ահաբեկչական գործունեություն, ֆինանսավորել զինված խմբավորումների», - շեշտել է իրավապաշտպանը։

Տարածքի պատկանելիությունն անգամ «Բաքվին թույլ չի տալիս անել այն, ինչ ուզում է». փաստաբան

Ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղը, որտեղ պաշտոն է զբաղեցրել Վարդանյանը, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ամերիկացի փաստաբանն արձագանքել է՝ Վարդանյանը պետական պաշտոն է ստանձնել այդ տարածքում բնակվող ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաների որոշմամբ, իսկ տարածքի պատկանելիությունը «Բաքվին թույլ չի տալիս անել այն, ինչ ուզում է». - «Նույնիսկ եթե համաձայն եք Ադրբեջանի այդ պնդման հետ, դա իրավունք չի տալիս այդ տարածքում էթնիկ զտում իրականացնել։ Ճի՞շտ է։ Գիտեք՝ Ադրբեջանը Ժնևի կոնվենցիայի մասնակից է, այդ թվում՝ ցեղասպանության մասին կոնվենցիայի»։

Գենսերը փաստում է՝ միջազգային իրավունքը դանդաղ է գործում, որոշումները ցանկալի արագությամբ չեն կայացվում։ Ռուանդայի օրինակն է բերում՝ չնայած տեղում մարդկանց դիակների տեսարաններին, աշխարհը չէր շտապում տեղի ունեցածը ցեղասպանություն որակել, դրա համար տարիներ պահանջվեցին։

«Եվ երբ 120 մարդու տեղահանում ես միջազգային սահմաններից, դե որովհետև դա ձեր տարածքն է, և կարող եք անել, ինչ ուզում եք, և որ դուք ինքնիշխան պետություն եք և երկիր եք կառավարում, չի նշանակում, որ կարող եք զանգվածային վայրագություններ անել բացարձակ անպատժելիությամբ և մտածել, որ այդ ամենը նորմալ է, դե որովհետև սա մեր տարածքն է», - հայտարարել է Գենսերը։



Ռուբեն Վարդանյանը մեկն է Ադրբեջանում պահվող 23 հայ գերիներից, նրանց թվում են նաև Արցախի մյուս առաջնորդները, որոնց ևս ծանրագույն մեղադրանքներ են ներկայացվել։ Գենսերը շեշտում է՝ նրանց արդար դատավարության իրավունքը խախտված է, ավելի քան մեկ տարի է՝ նախնական կալանքի տակ են՝ զրկված պատշաճ պաշտպանությունից։

Արդյոք պաշտոնական Երևանը որևէ քայլ ձեռնարկե՞լ է Վարդանյանին ազատ արձակելու համար. Գենսերը հորդորել է հարցն ուղղել Հայաստանի իշխանություններին՝ շեշտելով, որ ինքը չի աշխատում այդ երկրի կառավարության համար։ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հնարավոր ճնշման մասին հարցին ամերիկացի փաստաբանը պատասխանել է, թե «կան տեսանելի և ոչ տեսանելի գործընթացներ»։

«Դուք կարծո՞ւմ եք, թե ես հրաշալի երկխոսություն ունեմ Ադրբեջանի հետ, և նրանք ինձ պատմո՞ւմ են, որ ճնշում են զգում։ Ծիծաղելի է...», - նկատել է նա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG