Ահաբեկում, մեկուսացում, բռնություն. կարճ այս երեք բառով է բացատրվում՝ ինչու Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան։ Freedom House-ն ու 6 կազմակերպություն կոնկրետ օրինակներով ու մանրամասն վերլուծությամբ 100 էջանոց զեկույց են կազմել, որ ներկայացրին այսօր Երևանում՝ Բաքվում ընթացող COP-29-ին զուգահեռ։
Միջազգային փաստահավաք առաքելության մասնակիցներն ընդգծում են՝ ադրբեջանական ռեժիմը էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, իշխանությունները միտումնավոր արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղը հայերից դատարկելու համար:
«Սա, ըստ երևույթին, առաջին միջազգային փորձն է՝ կատարելու փաստահավաք աշխատանք, հավաքելու վկայություններ, կատարելու իրավական վերլուծություն ու ցույց տալու այն, ինչ տեղի է ունեցել զոհերի աչքերով: Freedom House-ը, մեր միջազգային ու տեղական գործընկերները փաստագրել են նախորդ չորս տարիների ընթացքում ադրբեջանական պետության կողմից իրականացված, թիրախավորված ու համակարգված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ», - ներկայացրեց Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը:
Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչը պատմեց՝ փաստահավաք զեկույցը մեկ տարում է պատրաստվել՝ պատերազմ, բլոկադա, տեղահանություն..... հաջորդական ներկայացվել է, թե ինչպես Բաքուն իրականացրեց իր ծրագիրը։
Մասնակիցներից Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ալեն Շադունցի խոսքով՝ տեղահանված արցախցիների հետ 300-ից ավելի մանրակրկիտ հարցազրույցներն ավելի քան բավարար էին ցույց տալու աղետի մասշտաբը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցչ Վարդինե Գրիգորյանն էլ շեշտեց՝ զրուցակիցների մեծ մասը չէր հավատում, որ պատմությունն այս սցենարով կգնա՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների գործոնը։
«Մենք նաև իրականացրել ենք բաց աղբյուրների տվյալների հավաքագրում, որն էլ համադրել ենք արբանյակից ստացված լուսանկարների հետ, սրա հետ մեկտեղ մենք նաև հետևել ենք ադրբեջանական կողմի հռետորաբանությանը, որպեսզի ցույց տանք, թե տեղում իրականացվող քաղաքականությունն ինչպես է համադրվում ատելության խոսքի, դավադրապաշտական տեսությունների հետ», - ասաց Ալեն Շադունցը:
Վարդինե Գրիգորյանն էլ նշեց. - «Փորձում էինք հասկանալ՝ արդյոք որևէ փորձ եղե՞լ է վերադառնալու այն տարածքներ թեկուզ ժամանակավոր, որոնք գտնվում են ադրբեջանի տիրապետության տակ, ասվում էր՝ նույնիսկ եթե փորձել են գերեզմաններ այցելել կամ այլ տարբեր միջոցներ, այդ դեպքում առաջին կանխարգելումը եղել է հենց ռուս խաղաղապահներից, որոնք ասել են, որ իրենք չեն կարող ապահովել անվտանգությունը: Փաստացի մարդիկ որևէ հնարավորություն չեն ունեցել վերադարձի, սրան զուգահեռ մենք տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանությունը, որ իբր թե ասում էր, որ կարող էին ու փորձում էր ապագայում իբր թե ապահովել վերաինտեգրումը»:
Զեկույցի համահեղինակ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին Բրյուսլեից ուղիղ կապով միանալով Երևանին հայտնեց, որ հաջորդ քայլը՝ ձեռք բերված ապացույցների փաթեթների հիման վրա դիմել Միջազգային քրեական դատարան՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Ըստ Բեգլարյանի՝ հենց սա այն զեկույցն է, որ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետներն ակնկալում էին ստանալ
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծիք հայտնեց, որ թերևս սա հենց այն անկախ զեկույցն է, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետներն ակնկալում էին ստանալ՝ հասկանալու՝ ի՞նչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Կա՞ արդյոք պատկերացում՝ ինչ արձագանք սպասել Վաշինգտոնից։
«Ինչպիսին կլինի մինչև հունվար Պետդեպի արձագանքը, ուղղակի Պետդեպի պատասխանատուները, այդ թվում՝ միգուցե Ջեյմս Օ'Բրայենն ասելու է, թե դե մի բան ենք հայտարարել, արդեն նոր իշխանությունները պետք է որոշեն», - արձագանքեց Բեգլարյանը:
Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչն էլ պատասխանեց. - «Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ իրենք ևս սպասում են ամբողջական զեկույցի հրապարակմանը իրենց հետևություններն անելու համար»:
Ամեն ինչի մասին խոսվեց բացի Հայաստանի կառավարության դերակատարությունից, պատասխանատվության բացակայությունից- Հադրութից տեղահանված Մարգարիտա Քարամյանի դիտարկումն էր զեկույցին։
Փաստահավաք ուսումնասիրության համահեղինակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Արաքս Մելքոնյանի դիտարկումն այն էր, որ զեկույցում կառավարությանն առաջարկներ են ներկայացվել. - «Մենք ինքներս մեզ խաբելով ոչ մի տեղ չենք հասնելու: Այստեղ շատ կարևոր է նաև որոշակի հանրային պահանջը»:
Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին փաստահավաք զեկույցն անգլերեն է, թիրախը՝ միջազգային հանրությունը։