Մատչելիության հղումներ

Բաքուն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների փաթեթ է առաջադրել. պաշտպաններ


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանի դատախազությունը մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ է առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով, ըստ պաշտպանների հայտարարության, Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկար։

Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։

Արցախի նախկին պաշտոնյան Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Վարդանյանի պաշտպանական թիմն այսօրվա հայտարարության մեջ նշում է, որ նոր մեղադրանքների ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Բաքուն միևնույն ժամանակ հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։

Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը օրեր առաջ «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ահազանգել էր՝ Ալիևի վարչակազմը հետևողականորեն մերժում է Բաքու այցելելու իր դիմումները։

«Ադրբեջանի մերժումը՝ հանրային դարձնելու և ծանոթացման ներկայացնելու Վարդանյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու այսպես կոչված ապացույցները, վերահաստատում է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն», - ասել է նա։

  • Դեռ հունիսին Գենսերն ու Վարդանյանի ընտանիքը հրատապ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե՝ պահանջելով դատապարտել նախկին պետնախարարի նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Այդ նամակում հայտնել են, որ ապրիլին հացադուլի մեջ գտնվող Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել խմելու ջրից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, մենախցում լույսը վառած պահել 24 ժամ, ստիպել երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ։
  • Ադրբեջանի իշխանությունը հերքել է այս պնդումները, միաժամանակ մերժել բանտ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու փաստաբանի դիմումը՝ «անհնար դարձնելով ապացույցներ հավաքելու հնարավորությունը»:

XS
SM
MD
LG