Ինչո՞ւ Հայաստանը չստորագրեց Ուկրաինայի հարցով հռչակագիրը

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով

Թե ինչո՞ւ Հայաստանը չի ստորագրել «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը, պաշտոնական Երևանը չի մեկնաբանում։ Միջոցառմանը մասնակցած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ «ի սկզբանե միայն նախատեսված է եղել Գրիգորյանի մասնակցությունը»:

92 երկրների և միջազգային 8 կազմակերպությունների մասնակցությամբ Շվեյցարիայում անցկացված գագաթնաժողովը ամփոփիչ փաստաթղթում շեշտել էր, որ պատերազմին վերջ տալու ցանկացած խաղաղ համաձայնագրի հիմքում պետք է լինի Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը»։ Մինչդեռ գագաթնաժողովի նախօրեին Պուտինը խաղաղության նախապայման էր դրել ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնեցկից, Լուգանսկից, Զապորժիեից և Խերսոնից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի հարցով համաժողովի ամփոփիչ հռչակագիրը

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը չի հասկանում ո՞րն էր իմաստը մասնակցել այդ համաժողովին, սակայն ոչ ելույթ ունենալ, ոչ էլ ստորագրել հռչակագիրը:

«Կարող եմ ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները իրենց անվտանգային հույսը կապում են, օրինակ, Հնդկաստանի հետ, տեսել են, որ Հնդկաստանը չի ստորագրում ինքն էլ չեն ստորագրում: Չգիտեմ, անկեղծ չգիտեմ», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Փաստաթղթին չեն միացել մեկ տասնյակ երկրներ, այդ թվում, օրինակ, Սաուդյան Արաբիան, Թաիլանդը։ Կրեմլը հայտնել է, որ հռչակագիրը ստորագրելու համար հարաբերությունները բարեկամ երկրների հետ չի փչացնի, բայց նրանց դիրքորոշումը հաշվի կառնի։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը գագաթնաժողովում պաշտպանել են պատերազմից հետո Ռուսաստանի հետ բարեկամությունը չխզած Հունգարիան, Սերբիան և Թուրքիան։

Անվտանգության խորհրդի քարտուղարը Շվեյցարիայում անցկացված համաժողովի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել էին Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ

Ավելին, վարչապետ Փաշինյանը Ալմա Աթայի հռչակագիրը մեջբերել է նաև որպես ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման բանալի. - «Այդ համաձայնագիրը, երկու բանի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և երկրորդը, որ ստորագրած խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հիմա Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ, որը նաև մեր անվտանգության համար է շատ կարևոր, մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է»

Ուստի մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կրկին հարցնում է՝ այդ դեպքում ինչո՞ւ Երևանը չի ստորագրել Ուկրաինայի խաղաղության համաժողովի հռչակագիրը, որտեղ հենց նշվում էր տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Հայաստանի իշխանությունները բառացիորեն այդ նույն բանն են ասում, դա պիտի որ հետ չպահեր, որովհետև ըստ այդ հռչակագրի, Ղրիմն Ուկրաինա է, Դոմբասը, Լուգանսկը նույնպես», - ասաց Բաղդասարյանը:

Մոսկվան օրերս բողոքի նոտա էր ուղարկել Երևանին՝ բացահայտ ոչ բարեկաման քայլ որակելով Նոր Նորք համայնքի ղեկավարի ու Ուկրաինայում Հայաստանի դեսպանի այցը Բուչա։ Հայկական պատվիրակությունը մարդասիրական օգնություն՝ քաղաքի բժշկական հաստատություններին դեղամիջոցներ էր նվիրաբերել։