Մատչելիության հղումներ

Կիևը հենց վաղն էլ բանակցություններ կվարի, եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայից. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Շվեյցարիա, հունիսի 16, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Շվեյցարիա, հունիսի 16, 2024թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը հենց վաղն էլ խաղաղ բանակցություններ կվարի Մոսկվայի հետ, եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայի բոլոր տարածքներից։

Ելույթ ունենալով Շվեյցարիայում խաղաղության համաժողովի փակման ժամանակ՝ նա շեշտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ավարտել պատերազմը, սակայն այն պետք է դադարեցվի «հնարավոր ամեն կերպ՝ լինի դա ռազմական կամ դիվանագիտական միջոցներով»:

Նրա խոսքով՝ պատերազմում հաղթելու համար արևմտյան օգնությունը բավարար չէր, սակայն գագաթնաժողովը ցույց տվեց, որ միջազգային աջակցությունն Ուկրաինային չի թուլանում։

«Մենք չենք ցանկանում խաղաղություն կուլիսներում, մենք ցանկանում ենք արդար, կայուն խաղաղություն՝ հիմնված բացառապես միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և հարգանքի վրա», - նշել է Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվան, սակայն, պատրաստ չէ հասկանալ՝ Ուկրաինան արդարացի աշխարհ է ուզում։

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել։ Այն ստորագրել է 80 երկիր։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Բյուրգենշտոկի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն բաց է ստորագրման համար, և կոչ է արել «չկողմնորոշված» երկրներին գիտակցել ռուսական սպառնալիքի լրջությունը։

XS
SM
MD
LG