Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին
Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: Նեթանյահուի կառավարության անդամները պնդում են՝ այս քայլով իրենք փորձում են զրոյացնել իրանամետ «Հեզբոլա» շարժման ռազմական ներուժը, և որ դա իրենց հաջողվում է։
«Հեզբոլա»-ն այսօր այլևս այն «Հեզբոլա»-ն չէ, որ կար մեկ շաբաթ առաջ։ Խմբավորման հրամանատարական կազմն ու կառավարման համակարգը, անձնակազմն ու սպառազինությունը լուրջ կորուստներ ունեն։ «Հեզբոլա»-ին հասցված հարվածները շատ ծանր են, և դրանք շարունակվելու են»,- Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող ռազմաբազաներից մեկը կատարած այցի ժամանակ հայտարարում էր Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Հեզբոլա»-ի ղեկավարությունը դիմել է Իրանին. Axios
Բայց, չնայած չդադարող իսրայելական հարվածներին, խոսել «Հեզբոլա»-ի կարողությունների վերջնական ոչնչացման մասին դեռ վաղ է։ Խմբավորումը շարունակում է հրթիռակոծել Իսրայելի տարածքը՝ աստիճանաբար ընդլայնելով հարվածների աշխարհագրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանին Իսրայելի մահաբեր հարվածները նոր պատերազմի սկիզբն են նշանավորումԱնցած գիշեր «Հեզբոլա»-ն առաջին անգամ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում փորձեց հրթիռակոծել Լիբանանի հետ սահմանից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թել Ավիվը։ Կազմակերպության ներկայացուցիչների պնդմամբ՝ հարվածի թիրախը իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» կենտրոնակայանն էր։ Իսրայելի ՀՕՊ ուժերին, սակայն, հաջողվել է ոչնչացնել «Հեզբոլա»-ի արձակած հրթիռները։
Ամերիկյան Axios կայքի տեղեկություններով՝ «Հեզբոլա»-ի ղեկավարությունը դիմել է Իրանին՝ խնդրելով իսլամական հանրապետության ղեկավարությանն ուղղակի հարվածներ հասցնել Իսրայելին։ Այս մասին Axios-ին հաղորդել են երկու իսրայելցի պաշտոնյաներ և արևմտյան պետություններից մեկը ներկայացնող բարձրաստիճան մի դիվանագետ։ Լրատվամիջոցի աղբյուրները, սակայն, պնդում են, որ Թեհրանը մերժել է իր լիբանանցի դաշնակիցների խնդրանքը՝ նշելով, թե Իսրայելին ուղղակի հարվածների ժամանակը դեռ չի եկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չի կարելի թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա․ ԳուտերեշԻսրայելական աղբյուրները կայքին նաև հաղորդել են, որ Նեթանյահուի կառավարությունը զինվորականներին հրահանգել է Լիբանանում ձեռնարկվող գործողությունների ընթացքում խուսափել ցանկացած քայլից, որ կարող է պատրվակ դառնալ իրանական միջամտության համար։
Այս շաբաթ իսրայելական հարվածների հետևանքով 569 մարդ է զոհվել. Լիբանանի ԱՆ
Պաշտոնական Բեյրութի տեղեկություններով՝ երկուշաբթի օրվանից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով 569 մարդ է զոհվել, որոնցից 50-ը անչափահասներ են։ Վիրավորների թիվն, ըստ Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադի, գերազանցում է 1800-ը։
«Հարավային Լիբանանում գտնվող հիվանդանոցներն այս պահին աշխատում են առավելագույն կարողությունների սահմաններում։ Դա է պատճառը, որ մենք հիվանդների մի մասին տեղափոխում ենք երկրի այլ շրջաններում գտնվող հիվանդանոցներ։ Այս պրոցեսն իր հերթին դժվարանում է այն պատճառով, որ ճանապարհներին խցանումներ են։ Հարվայի բնակիչներից շատերն այժմ փորձում են լքել այս տարածքը», - հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարը։
Լիբանանի ԱԳՆ տվյալներով՝ վերջին երեք օրերին ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է կես միլիոնի։ Դա երկրի բնակչության մոտ 10 տոկոսն է։