Լիբանանն անդունդի եզրին է, Լիբանանի ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը և աշխարհի ժողովուրդը չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա, X-ի իր էջում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Գազայում տիրող իրավիճակը Գուտերեշը մղձավանջ է համարել՝ շեշտելով՝ այն սպառնում է ներքաշել նաև ողջ տարածաշրջանը։
Մեկ այլ գրառմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է՝ ոչինչ չի կարող արդարացնել «Համաս»-ի կողմից հոկտեմբերի 7-ին իրականացված ահաբեկչությունը։
«Ոչինչ չի կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը։ Միջազգային հանրությունը պետք է մոբիլիզացվի անհապաղ հրադադարի հաստատման, բոլոր պատանդների ազատման և երկու պետությունների լուծման գործընթացի շուրջ», - X-ում նաև գրել է Գուտերեշը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո իրավիճակը սրվել է նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։ Իսրայելն ու «Հեզբոլա»-ը պարբերաբար հարվածներ են փոխանակում։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի օրը օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի դիրքերին։ Լիբանանի իշխանությունները սա ամենամահաբեր օրն են համարել ու ամենազանգվածային հարձակումը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։