Մատչելիության հղումներ

Ըստ Լիբանանի՝ իսրայելական հարվածներից առնվազն 492 մարդ է զոհվել


Լիբանանի հարավում գտնվող բնակավայրը իսրայելական օդային հարվածներից հետո, 23-ը սեպտեմբերի, 2024թ․
Լիբանանի հարավում գտնվող բնակավայրը իսրայելական օդային հարվածներից հետո, 23-ը սեպտեմբերի, 2024թ․

Լիբանանը հաղորդում է, որ իսրայելական օդային հարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 492-ի, բնակիչները փախչում են հարավից, փոխանցում է Reuters-ը։

Associated Press-ը նշում է, որ զոհերի թվում ավելի քան 90 կին ու երեխա կա։ Հաղորդվում է նաև 1645 վիրավորի մասին։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի օրը օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի դիրքերին։ Լիբանանի իշխանությունները սա ամենամահաբեր օրն են համարել ու ամենազանգվածային հարձակումը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո իրավիճակը սրվեց նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։

Իսրայելը եկուշաբթի օրը կոչ էր արել՝ բնակիչներին տարհանել Լիբանանի այն հատվածներից, որտեղ զինված շարժումը զենք է պահում՝ նախազգուշացնելով, որ «զանգվածային հարվածներ» են հասցնելու Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ տեսաուղերձով դիմել է լիբանանցիներին։ «Իսրայելի պատերազմը ձեր դեմ չէ, այլ «Հեզբոլա»-ի: Այն երկար ժամանակ ձեզ որպես կենդանի վահան է օգտագործել», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Associated Press-ը գրում է, որ տարհանման նշաններ չեն եղել՝ ենթադրելով, որ լիբանանցիները հնարավոր է նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ ապրում են տներում, որտեղ, ըստ իսրայելական տվյալների, «Հեզբոլա»-ը զենք է պահում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG