Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը. վարչապետ

Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե Երևանը երեկ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։

«Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև ըստ էության այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները և այսպես, թե այնպես մենք և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ այնպիսի խաղաղության կամ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի: Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ էս պահին ինչ համաձայնեցված է, դա ստորագրել ու վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել», - ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համաձայնեցված է նաև համաձայնագրի ևս 3 հոդվածի բառապաշարի մեծ մասը: Նա, սակայն, ավելի քան 2 ժամանոց ասուլիսի ընթացքում այդպես էլ չբացահայտեց, թե 13 համաձայնեցված հոդվածներն ու միակ՝ դեռ չհամաձայնեցված հոդվածը կոնկրետ ինչի՞ մասին են։ Պատճառաբանեց՝ բանակցությունների ընթացքում փաստաթուղթը միակողմանի չի կարող գաղտնազերծվել։ Վարչապետը, սակայն շեշտեց՝ համաձայնագրում ներառված սկզբունքների մասին հանրությունն, ըստ էության, արդեն տեղյակ է։

«Ենթադրենք երկու երկրներ՝ А և B երկրներ իրար հետ կոնֆլիկտ են ունեցել և X պահի ստորագրում են խաղաղության պայմանագիր, ի՞նչ պիտի գրված լինի խաղաղության պայմանագրի մեջ տրամաբանորեն, պետք է գրված լինի, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են, պետք է գրված լինի, որ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ, պետք է գրված լինի, որ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքը պետք է բացառվի, որ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, պետք է գրված լինի հետագա հարաբերությունների զարգացման ինչ-որ ուղղության մասին, անդրադարձ լինի անվտանգության հարցերին, հումանիտար հարցերին, եթե այդպիսիք առկա են ու այդպես շարունակ», - ներկայացրեց Փաշինյանը:

Մինչ այս պահը հայտնի էր, որ Բաքուն ընդդիմանում է խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրի հղմանը, հաղորդվել է նաև, որ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հանվել է փաստաթղթից։ Մշակվող համաձայնագրում, ըստ պաշտոնական Երևանի, խոսք չկա նաև Լեռնային Ղարաբաղ՝ արցախցիների վերադարձի մասին։ Այդ դեպքում, ինչի՞ շուրջ չեն կարողանում համաձայնել կողմերը, հայտնի չէ։

Առանց միջնորդների Բաքվի հետ բանակցությունները, ըստ Փաշինյանի, արդեն տվել են որոշ արդյունքներ

Վերջին օրերին Մոսկվայից շարունակաբար հնչող հայտարարությունների ֆոնին, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել և միջնորդ դառնալ կողմերի միջև, Փաշինյանը հայտարարեց՝ միջազգային գործընկերների աջակցությունը բարձր է գնահատում, բայց արդյունավետ է համարում երկկողմ ձևաչափը։ Առանց միջնորդների Բաքվի հետ բանակցությունները, նրա խոսքով, արդեն տվել են որոշ արդյունքներ։ Օրինակ բերեց նախորդ տարեվերջի համաձայնությունը, որով գերիներ ազատ արձակվեցին, ապրիլի 19-ի հայտարարությունը՝ հատվածական սահմանազատման մասին և սահմանազատման կանոնակարգի ստորագրումը, որի մասին կողմերը հայտարարեցին երեկ։

«Հայաստանի ինքնիշխանության իրավազորության տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց որևէ ձևով չի կարող կասկածի տակ դրվել», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել ու ստորագրել են՝ ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը

Փաշինյանն այսօր էլ պնդեց՝ Երևանը բացառում է Հայաստանի տարածքով ճանապարհի տրամադրումը՝ սեփական ինքնիշխանության հաշվին, միաժամանակ կրկնեց՝ պատրաստ է այսօր էլ Ադրբեջանի համար ավտոճանապահ բացել, պայմանով, որ կհարգվեն Հայաստանի օրենսդրությունն ու կարգավորումները։ Ի դեպ, Փաշինյանը չբացառեց, որ ճանապարհների անվտանգությունը կարող են նաև մասնավոր պահնորդական ընկերություններ իրականացնել՝ առանց հստակեցնելու, միջազգային, թե տեղական։

«Մենք կարող ենք լրացուցիչ մեխանիզմներ նույնպես ունենալ, և մեր երկրում Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կանոնադրական խնդիրներից է նաև այդ հարցի լուծումը, բայց մյուս կողմից այսօր մանավանդ մեր օրենսդրության բարեփոխումների տրամաբանության մեջ նաև անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացվել նաև այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները», - նշեց կառավարության ղեկավարը:

Փաշինյան. կոմունիկացիաները չեն բացվում նաև ՌԴ մի շարք գործընկերների մեկնաբանությունների պատճառով

Այս հարցում ևս վերջին շաբաթներին Մոսկվայից մեղադրանքներ են հնչում Երևանի հասցեին։ Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, պնդեց, թե Հայաստանը սաբոտաժի է ենթարկում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։ Փաշինյանն այս մեղադրանքները հերքեց, ավելին, ռուսական կողմին մեղադրեց, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել այդ թվում՝ Ռուսաստանի մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող ու դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, կասկածի տակ է դնում Մոսկվայի միջնորդությունը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ օրինակ, տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը Հայաստանին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ: Նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից», - ընդգծեց վարչապետը:

Ավելի վաղ՝ այս ամիս, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե «չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի»։ Պատրա՞ստ է Երևանը ետ կանչել իր ստորագրությունն այդ փաստաթղթից՝ «Ազատության» հարցին Փաշինյանն արձագանքեց՝ դրա համար պատճառներ չի տեսնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստվո՞ւմ է հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Երևանը դեռևս չի պատասխանել Մոսկվային