Մատչելիության հղումներ

Ըստ Վարդան Հարությունյանի՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ դուրս չգա Հայաստանի տարածքներից


Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ դուրս չգա Հայաստանի տարածքներից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Այսօր հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն սահմանագծման կանոնակարգը ուղարկել են արդեն ներպետական հաստատման. արդյոք սա վկայո՞ւմ է, որ Ադրբեջանը պայմանավորվածությունից հետ չկանգնեց՝ ի հակառակ այդպիսի կանխատեսումների:

Հարությունյան. - Կանխատեսումները հիմնավոր են, որ Ադրբեջանը պայմանավորվածությունը չի հարգում, ու ոչ թե այն պատճառով, որ այս փաստաթուղթը պետք է հիմք հանդիսանա, այլ այն, որ Ադրբեջանն ունի իր առջև դրված խնդիրներ: Էդ խնդիրը լուծելով հասնում է ինչ-որ մի կետի, երբ որ համարում է արդեն հնարավոր է գնալ ինչ-որ պայմանավորվածություն հստակեցնել, փաստաթղթավորել, գնում է դրան, եթե՝ ոչ, շարունակում է ճնշումները. նրանք աշխատում են ճնշումներ բանեցնելու սկզբունքով: Մի հսկայական ճանապարհ ենք անցել, չէ՞, էս 3 տարիների ընթացքում, էդ տարիները մեր պատմության մեջ մնալու են ընդհանրապես սարսափելի տարիներ, մեր նահանջների տարիներն են, բոլոր նահանջները հո մենք չենք նահանջել է, բոլոր նահանջը եղել են Ադրբեջանի ճնշումների հետևանք. ճնշել են, հասան դրան, որ փակեցին ընդհանրապես Արցախի հարցը, արցախահայության ապրելու իրավունքը նույնիսկ վանեցին իրենցից, մաքրեցին իրենց, էդ թեմայից կտրեցին իրենց, եկան, հասան սահմանագծմանը և սահմանազատմանը: Հիմա Տավուշի գործողությունը կատարվեց: Ես ընդհանրապես կողմ եմ, որ շուտափույթ լիներ արդեն սահմանագծումն ու սահմանազատումը, որ հաշտության համաձայնագիրը լիներ 2 տարի առաջ էլ, տարիուկես առաջ էլ, ինչքան շուտ, այնքան մենք շահած կլինեինք, բայց դեպքերը, հանգամանքները այնպես զարգացան, հենց Ադրբեջանի թելադրանքով, որ էդ ամեն ինչը ձգվեց:

Նրանց հաջորդ խնդիրը Սյունիքով ճանապարհն է, որ նրանք փորձում են արդեն և փորձելու են Մոսկվայի հետ միասին ճնշել, որպեսզի ստանան էդ ճանապարհը: Եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտված են, բայց Մոսկվան և Բաքուն պնդում են, որ այդ 1 կետը պետք է պահպանվի: Եվ հիմա հայկական կողմը կկարողանա՞ արդյոք դիմակայել, թե՞ չի կարողանա, ես չեմ կարող ասել. դատելով կամ աչքի առաջ ունենալով նախկին նահանջները, ոգևորիչ ոչինչ ասել չեմ կարող, բայց սահմանագծման և սահմանազատման հարցում էլ, թե ինչ տեղի կունենա, մենք դեռ չգիտենք:

Ադրբեջանցիները կարող են նորանոր քարտեզներ բերել, նորանոր բացատրություն պահանջել, ամեն ինչ անելու են, որպեսզի էն տարածքներում, որտեղ իրենք գտնվում են, այդ տարածքներից դուրս չգան, որովհետև այսօրվա դրությամբ դեռ, տեսեք, Տավուշի էդ հատվածներից հայկական կողմը դուրս եկավ, բայց դրան զուգահեռ, դրա ընթացքում և դրանից առաջ և դրանից հետո Ադրբեջանից չի հնչել ոչ մի հայտարարություն, թեկուզ հայտարարության նշույլ, որ իրենք էլ հայելային տարբերակով նույն քայլերին դիմելու են այլ աշխարհագրական կետերում: Դա վկայում է այն մասին, որ իրենք պատրաստվում են էդ աշխարհագրական կետերում կռիվ տալու, ես նկատի չունեմ մարտական գործողությունը, նկատի ունեմ՝ ապացուցել, որ այդ դիրքերն իրենցն են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG