Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն համաձայնեցրել ու ստորագրել են՝ ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը


Նախապես հայտարարված ժամկետից երկու ամիս ուշացմամբ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին, թե ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Արտաքին գործերի նախարարությունն առանց մանրամասների՝ կարճ հայտնեց՝ սկզբունքներն ամրագրող կանոնակարգը ստորագրվել է և արդեն սկսվել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը:

«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար», - հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Արտգործնախարարության հաղորդագրությունից կես ժամ անց վարչապետի աշխատակազմը մանրամասնեց՝ կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով: Բայց թե ովքեր են ստորագրել և ինչու դեմ առ դեմ հանդիպում տեղի չի ունեցել ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ վարչապետի աշխատակազմը չեն հստակեցնում:

Փաստաթուղթը ստորագրել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. Խանդանյան

Ավելի ուշ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնեց՝ փաստաթուղթը ստորագրել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը: Իսկ թե երբ այն կհասնի խորհրդարան, ըստ Սարգիս Խանդանյանի, կախված է բարձր դատարանի որոշումից:

«Դրական եզրակացության դեպքում կառավարությունն արդեն այն կուղարկի Ազգային ժողով, և Ազգային ժողովը սահմանված կարգով կքննարկի ու կընդունի կանոնակարգը: Ինչպես ցանկացած համաձայնագիր կամ միջազգային փաստաթուղթ, այս փաստաթուղթը ևս մեկ ընթերցմամբ է քննարկվում և ընդունվում, եթե չեմ սխալվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ», - նշեց Խանդանյանը:

Ստորագրված փաստաթղթի բովանդակությունը մինչ այս պահը հասանելի չէ, վարչապետի աշխատակազմից խոստանում են այն հրապարակել առաջիկա երկուշաբթի: Պատճառաբանում են՝ ուշացումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:

Մինչ այդ Վարչապետի աշխատակազմից հարկ են համարում միայն ընդգծել, թե դրա քաղաքական բովանդակությունն ամիսներ առաջ արդեն իսկ բացահայտվել է: Խոսքը 2024-ի ապրիլի 19-ի հանդիպման մասին է: Հենց այդ օրն են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել, որ դելիմիտացիայի գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի հռչակագրով: Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքո՞վ է շարունակվելու, վարչապետի աշխատակազմից անգամ այսօր, երբ արդեն կանոնակարգը հաստատվել է, հստակ պատասխան չեն տալիս՝ հղում անելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը:

«Հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով և տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաև Կանոնակարգում», - ասված է հայտարարությունում:

Նույն այդ բանակցությունների ընթացքում Երևանի և Բաքվի
ներկայացուցիչները նաև որոշել էին, թե կանոնակարգի հաստատումից հետո կհամաձայնեցնեն սահմանազատվող հատվածների հերթականությունը՝ ներառյալ անկլավներինն ու էքսկլավներինը: Այսօր ո՛չ Արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեցին՝ որոշվել է արդյոք, թե հաջորդը որ հատվածներն են սահմանազատվելու: Արդյոք կանոնակարգի համաձայնեցումը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի՝ «Քաղաքացիական պայմանագրում» ընդամենը հույս ունեն:

«Արդեն հաջորդ փուլում կսահմանվի, թե սահմանի որ հատվածներն են, հերթականությունը կսահմանվի սահմանազատման աշխատանքների: Հայկական կողմը պատրաստակամ է նույն ջանքերով շարունակելու աշխատանքը», - ասաց Սարգիս Խանդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը չի կարծում, թե հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը կսահմանազատվի

Եթե անգամ սահմանազատման գործընթացը շարունակվի, միևնույն է, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը կսահմանազատվի և ադրբեջանական զորքերը դուրս կգան Հայաստանի օկուպացված տարածքներից: Ասում է՝ ամենայն հավանականությամբ Բաքուն հիմա ուղղակի առաջ կմղի անկլավ/էքսկլավների հարցը:

«Ամենահավական սակարկման տարբերակն է իրականության մեջ, դա է իրականությունը, ցավոք սրտի, որովհետև ամեն հերթական պահանջի բավարարումից հետո Ադրբեջանն ուղղակի դիմացը պտիչկա է դնում՝ անցնելու համար հաջորդ պահանջին: Այս գործընթացում չկան բանակցություններ և չկա փոխզիջում: Եթե որևէ մեկն ասում է, որ հիմա բանակցային գործընթաց է ընթանում ու կա փոխզիջման գործընթաց, պիտի ուղղակի ցույց տա Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ից այս կողմ ինչ է զիջել», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Տավուշի հատվածում սահմանազատմանը նախորդել էր չորս գյուղերը վերադարձնելու Բաքվի պահանջը: Երևանը համաձայնեց, ինչպես վարչապետն էր ասել՝ պատերազմից խուսափելու համար: Դրանից ուղիղ երկու ամիս առաջ, սակայն, այս հարցով գլխավոր բանակցող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացնում էր, թե սահմանազատումը կսկսվի սկզբունքների ու քարտեզների համաձայնեցումից հետո միայն:

«Մեթոդաբանությունը հաստատելուց հետո ժամանակ կպահանջվի բուն գործընթացը՝ թե՛ դելիմիտացիայի, թե՛ դեմարկացիայի, բայց բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված», - նշել է Գրիգորյանը:

Սահմանազատման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը պետք է համաձայնեցվեր մինչև հուլիսի մեկը։ Վարչապետի աշխատակազմը այսօր բացատրեց՝ բանակցություններն ամեն դեպքում նախատեսվածից երկար տևեցին: Թե մինչ այս ինչի շուրջ էր տարաձայնությունը՝ չի հստակեցվել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG