Երևանից այս պահին չկա կոնկրետ պատասխան Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը, թե արդյոք Հայաստանը պատրաստ է պաշտոնապես հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ասել է՝ իրեն հայտնի չէ, որ հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրած լինի 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ համաձայնություններից հետ կանգնելու մասին։
Հրադադարի համաձայնությունից զատ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները հայտարարություններ են ընդունել՝ նաև ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու, դելիմիտացիայի հարցով երկկողմ հանձնաժողով ձևավորելու մասին, որին կողմերի դիմումի դեպքում Ռուսաստանը պետք է խորհրդատվական օժանդակություն ցույց տար։
«Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունները նախկինի նման հայ-ադրբեջանական հաշտության հիմքն են։ Կարծում ենք՝ դրանց այլընտրանք չկա։ Եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվել է այդ համաձայնագրերից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթղթերը այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց նման բան չենք լսել», - նշել է Զխարովան։
Պաշտոնական Երևանը մինչև այս պահը այդ հայտարարությանը չի արձագանքել, բայց ընդամենը մի քանի օր առաջ նկատել էին՝ «չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի»։
Գրեթե նույնն էր ասել վարչապետ Փաշինյանը այս մայիսին. - «Ըստ էության, այսօր ոչ մի կետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չի գործում»:
«Ազատություն»-ը հարց է ուղղել Հայաստանի արտգործնախարարություն՝ պատրաստվո՞ւմ է Երևանը հետ կանչել ստորագրությունը փաստաթղթից, որի որևէ կետ, ըստ իշխանության, այլևս գործող չէ։ Մինչ այս պահը արտաքին գերատեսչությունից հարցմանը չեն արձագանքել։
Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ է կիսում վարչապետի կարծիքը, բայց ստորագրությունը հետ կանչելը ճիշտ չի համարում։
«Ոչ մի կետ հայտարարության կյանքի չի կոչվել, բայց հետ կանչել ստորագրությունը, ես գտնում եմ, որ ճիշտ չէ: Քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, օրինակի համար, հետ կանչելը, եթե Հայաստանը լիներ, այսպես կոչված, քաղաքական շրջափակման մեջ, ապա դա կարող էր հիմք հանդիսանալ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների այդ իրավիճակում: Հիմա ես չեմ ասում՝ այս իրավիճակում դա կարող է այդպիսի հետևանք ունենալ, բայց բոլոր դեպքերում», - նշեց Աղազարյանը:
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից ստորագրությունը հետ կանչելու կողմնակից չէ նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը փաստաթուղթն ուժը կորցրած է համարում, բայց վերակենդանացնել, կարծում է՝ հնարավոր է:
«Այն կարելի է դեռևս պահպանել քանի դեռ միջազգային հանրությունը, արցախցիները խոսում են Լեռնային Ղարաբաղ Արցախի Հանրապետության ժողովրդի կոլեկտիվ վերադարձի իրավունքի մասին: Ցավոք, բոլորն են խոսում դրա մասին բացի Նիկոլ Փաշինյանից ու Իլհամ Ալիևից: Այդ փաստաթղթին կարելի է անդրադառնալ բացառապես արցախցիների վերադարձի իրավունքի համատեքստում», - ընդգծեց Խաչատրյանը:
Մինչ այդ, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները շարունակում են Հայաստանի տարածքով, ինչպես Բաքուն էր պնդել, միջանցքի բացման հարց քննարկել։ Չնայած թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերն ավելի վաղ պնդել էին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու հարցին որոշել են անդրադառնալ խաղաղության համաձայնագրից հետո։
Թեման ակտիվացավ անցած շաբաթ, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը երկօրյա այցով մեկնեց Բաքու, շարունակվեց երեկ՝ Ալիև-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ։ Կրեմլը պնդել էր՝ երկու ղեկավարները ադրբեջանա-հայկական հաշտության պայմանագրի նախապատրաստությունից, սահմանազատումից բացի քննարկել են նաև երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Ռուսական կողմը կրկին իր օգնությունն է առաջարկել Բաքվին և Երևանին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում։ Ալիևի գրասենյակը հատուկ շեշտել էր՝ նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի բացման շուրջ։
Բաքվում Ալիև-Պուտին հանդիպման օրերին Երևանը կասկածի տակ դրեց հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը, հակադարձեց արտգործնախարար Լավրովի մեղադրանքներին, թե Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները Երևանն է «սաբոտաժի» ենթարկում։ Բայց այդ շեշտադրումները տեղ չգտան Բաքվի բանակցություններին հաջորդած Փաշինյան - Պուտինի հեռախոսազրույցի մասին Երևանի հաղորդագրության մեջ։ Նշվել է միայն, որ առաջնորդները պատրաստվում են հանդիպել, ժամկետները դեռ չեն հստակեցվել։ Երևանը միայն շեշտել էր՝ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։