Դատախազությունը պահանջում է բռնագանձել Սամվել Դարբինյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող ունեցվածքը

3 անշարժ գույք՝ Երևանում, 4-ը՝ Վանաձորում, մեկ տրանսպորտային միջոց, երեք ընկերությունում ունեցած մասնաբաժին ու ավելի քան 165 միլիոն դրամի եկամուտ: Սա Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող այն ունեցվածքի ցանկն է, որ դատախազությունն ապօրինի է համարել ու դիմել դատարան բռնագանձելու պահանջով: Դատարանն արդեն վարույթ է ընդունել:

Իրավապահները համարում են, որ Վանաձորի 17 տարվա քաղաքապետն իր պաշտոնավարման տարիներին ապօրինի միլիոններ է կուտակել ու սեփականացրել համայնքային գույքը կնոջ, որդիների, հարսների ու փեսաների անունով: Դեռ երկու տարի առաջ էր դատարանն ապացուցված համարել, որ 99-2016-ը պաշտոնավարած քաղաքապետն ապօրինի ճանապարհով համայնքին պատկանող շենք-շինություններ ու հողատարածքներ յուրացրել։ Բայց դատարանը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցրել էր քրեական հետապնդումը Դարբինյանի նկատմամբ:

Ստացվում է՝ դատարանի վճռով բազմաթիվ օրենքներ խախտած նախկին քաղաքապետը ոչ միայն չպատժվեց իր արարքների համար, այլև մինչև այսօր էլ շարունակում է ապօրինի ձեռքբերած տարածքներն ու շինությունները տնօրինել ու բիզնես ծավալել այդ տարածքներում:

Դեռ երկու տարի առաջ Դարբինյանի քրեական գործը քննելիս դատարանը նշել էր, որ նա լինելով քաղաքապետ ու միաժամանակ աճուրդային հանձնաժողովի նախագահ, ձևական աճուրդ է կազմակերպել ու իր հարազատներին չնչին գներով վաճառել անգամ պատմական հուշարձան համարվող Հայքի հրապարակի մաս կազմող տարածքները: Ընդ որում՝ միշտ այնպես է ստացվել, որ այդ աճուրդներում իր ընտանիքի անդամները միակ մասնակիցներն են եղել:

Դատախազության՝ դատարան ներկայացրած հայցով ապօրինի ծագմամբ գույք ունի նաև Դարբինյանի որդին՝ Աղասի Դարբինյանը, որ վարչական դատարանի դատավոր է: Ավելի վաղ՝ երեք տարի այս դատարանի նախագահն էր: 20 տարի առաջ, երբ հայրը՝ Սամվել Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետն էր ու որդու անունով սեփականաշնորհում էր Վանաձորի Հայքի հրապարակի մի մասը, Աղասի Դարբինյանն իրենց ընտանիքին պատկանող շինարարական ընկերության իրավաբանն էր: Դրանից երկու տարի անց դատարաններում է աշխատանքի անցել՝ դատավորի օգնականից մինչև դատարանի նախագահ:

Դատախազությունն ապօրինի ծագում է տեսել նաև «Ագ Դար» ընկերության բաժնեմասերում, որի միակ սեփականատերը դատավորի որդին՝ կրտսեր Սամվել Դարբինյանն է: Հայտնի չէ՝ դատավոր Աղասի Դարբինյանը կվերադարձնի իրեն պատկանող գույքը, որ դատախազությունը ցանկանում է բռնագանձել, թե՝ ոչ, բայց իր ընտանիքի կարողությունները համայնքային գույքի հաշվին մեծացրած հայրը մեղքը երբեք չի ընդունել: Այսօր էլ «Ազատության»-ը նույն բանն ասաց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վանաձորի նախկին քաղաքապետը պնդում է՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի մասին տեղյակ չէ

Ավելի վաղ, Սամվել Դարբինյանը դատարանում ասել էր, թե մեղադրանքը մտացածին է, իրեն մեղավոր չի ճանաչում, ու նշել էր. - «Ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանքում ինձ երբևէ մեղավոր չեմ ճանաչել և չեմ ճանաչում, քանի որ որևէ հանցանք չեմ կատարել, իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ համայնքի շահերին ի վնաս չեմ գործել, որևէ վնաս չեմ պատճառել, այլ ճիշտ հակառակը։ Նկատի ունենալով, որ իմ նկատմամբ ապօրինաբար իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական շարժառիթներով է իրականացվում, նաև հանրահայտ փաստ է, որ իրավապահ բոլոր մարմինների վրա քաղաքական ճնշումներ են իրականացվում, հետևաբար համոզված եմ, որ առկա իրավիճակում հնարավոր չէ հասնել գործի ելքի օբյեկտիվ և արդարացի լուծման»:

18-ի հեղափոխությունից հետո նախկին քաղաքապետը մեղադրվում էր նաև Վանաձորի մշակույթի պալատի չգործող շենքը իր քրոջ փեսային, մանկապարտեզի շենքը՝ Հանրապետական կուսակցությանը տալու համար: Մի խոշոր գործ էլ բացվեց Դարբինյան ընտանիքին պատկանող շինարարական կազմակերպության յուրացումների կասկածանքով: Բայց բոլոր այս գործերը կարճվեցին կամ նախաքննության փուլում, կամ էլ դատարանում: Ավելին, նույն այդ կազմակերպություններն այսօր էլ Վանաձորում շարունակում են միլիարդների շինարարություն իրականացնել՝ մեծամասամբ համայնքապետարանի ու կառավարության պատվերով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վանաձորի նախկին քաղաքապետը կարող է ազատվել վիճահարույց տարածքները քաղաքին վերադարձնելու պատասխանատվությունից