Մատչելիության հղումներ

Վանաձորի համայնքապետարանի հայցն ընդդեմ Սամվել Դարբինյանի մերժվել է


Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան

Դատարանը մերժել է Վանաձորի համայնքապետարանի հայցն ընդդեմ քաղաքը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանի։ Ութ ամիս տևած քննությունից հետո դատարանը եզրահանգել է, որ համայնքապետարանը 61 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել, բայց այդպես էլ որևէ կոնկրետ ապացույց չի բերել նախկին քաղաքապետի կողմից համայնքին պատճառած վնասների մասին։

Համայնքապետարանի 6 հոգանոց իրավաբանական բաժինն ութ ամսվա ընթացքում նախկին համայնքապետի, ըստ իրավապահների, ապօրինի կայացրած որոշումներն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը պիտի ներկայացներ դատարան՝ ապացուցելու, որ տարիներ առաջ օտարված տարածքները ենթակա են վերադարձման։

Իրավաբանական բաժնի պետ Արեն Եղիազարյանն արդարդացավ, թե իրավապահները դեռ 2021 ավարտված նախաքննության ընթացքում այդ փաստաթղթերն առգրավել էին ու մինչև այժմ, չգիտես ինչու, հնարավոր չի եղել հետ վերադարձնել. - «Մենք քանի որ դատարանին դիմել ենք, միջնորդել ենք, որ մեզ հնարավորություն ընձեռնել, որպեսզի մենք ապացույցները, քանի որ առգրավված է եղել, հավաքենք ու ներկայացնենք, դատարանը մերժել է»։

Դեռ երկու տարի առաջ նախաքննական մարմինը, հետո նաև դատարանը ապացուցված էր համարել, որ Սամվել Դարբինյանը չարաշահել է իր լիազորություններն ու համայնքին պատկանող տարածքներն ապօրինի օտարել։ Իրավապահները պնդել էին՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանը խախտել է օրենքները. իրավունք չուներ, բայց աճուրդներ էր կազմակերպել, ինքն անցկացրել դրանք ու հաղթող ճանաչել իր հարազատներին ու մտերիմներին։

Տեղի ունեցածը, անգամ գործը դատարանում կարճելուց հետո, հանցանք էր որակել Լոռու արդեն նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը. - «Ես պնդում եմ, որ իրականում հանցագործություն է տեղի ունեցել, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր են»։

Դատարան հասած քրեական գործը նախկին քաղաքապետի նկատմամբ կարճվել էր վաղեմությունն անցնելու հիմքով։ Դրանից հետո համայնքապետարանն իրավունք ուներ քաղաքացիական հայց ներկայացնելու և Դարբինյանից ավելի քան 61 միլիոն դրամ ստանալու՝ հօգուտ համայնքի։

Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պաշտոնն ստանձնելուց օրեր անց դիմեց դատարան, բայց առաջին դատական նիստերին համայնքապետարանի ներկայացուցիչները չէին ներկայանում, հետո էլ, դատարանում հայտարարում, թե գործին ծանոթ չեն, կամ, որ ժամանակ է պետք ապացույցներ հավաքելու համար։

Համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը այդպես էլ չհստակեցրեց, թե ինչու ամիսներ շարունակ հնարավոր չեղավ այդ փաստաթղթերը հասցնել դատարան. - «Մեկ թուղթ չի, որ միանգամից վերցնեինք էդ թուղթը և ներկայացնեինք դատարան։ Ապացույցները ընթացքում ա, կներկայացվի»։

Համայնքապետարանից ասում են, որ շարունակելու են գործընթացը։ Կբողոքարկեն առաջին ատյանի դատարանի վճիռն ու վերաքննիչում արդեն հնարավոր կլինի փաստաթղթեր ներկայացնել։ Պարզ չէ, թե վերաքննիչ ատյանն ինչ դիրքորոշում կունենա, հաշվի կառնվե՞ն արդյոք այդ ապացույցները, թե՞ ոչ։

Մինչ այդ իրավապաշտպանները համարում են, որ համայնքապետարանը դատարան դիմելուց հետո անգործություն է ցուցաբերել. մի դեպքում չի ներկայացել դատական նիստերին, հետո նաև՝ եղած ապացույցները դատարան չի բերել։

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն անգամ կասկածներ ունի, թե Վանաձորի գործող ղեկավարն ու նախկին քաղաքապետը պայմանավորվածություն ունեն տարածքների պահանջն ավարտին չհասցնելու վերաբերյալ. - «Էս գործով գոնե հրապարակի երկու շատրվանները գործի մեջ հստակ նշված է, որ նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի կողմից կեղծ փաստաթղթերի միջոցով հնարավոր է դարձել օտարել էդ տարածքը։ Վարչական դատարանի միջոցով էս ակտը պետք ա առ ոչինչ ճանաչվեր։ Այսինքը՝ համայնքապետարանը ուներ էդ մեխանիզմները, որը որ չի կիրառել։ Եթե հիմա շարունակի չկիրառել, էստեղ ակնհայտ ա, որ կա ներքին պայմանավորվածություն»։

Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ այժմ այլ քրեական գործեր էլ կան, որոնցով նա դարձյալ մեղադրվում է ապօրինի որոշումների համար։ 2018-ի հեղափոխությունից հետո հարուցված բազմաթիվ քրեական գործեր կամ կարճվել են հենց նախաքննության կամ էլ հետո՝ դատաքննության փուլում։ Քաղաքի մշակութային և պատմական արժեք ունեցող տարածքներ ու շենքեր, որոնք օտարման ենթակա չեն եղել, շարունակում են մնալ Դարբինյանի հարազատների կամ մտերիմների սեփականությունը։ Արդեն 5 տարի բարձրաձայնվող այս չարաշահումների համար նա գոնե մեկ օր անազատության մեջ չի եղել, կամ որևէ դրամ համայնքին չի փոխհատուցել։

XS
SM
MD
LG