Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին քաղաքապետը կարող է ազատվել վիճահարույց տարածքները քաղաքին վերադարձնելու պատասխանատվությունից


Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում հեղափոխությունից հետո մեղադրանք առաջադրվեց համայնքին շուրջ 60 մլն դրամի վնաս պատճառելու համար, կարող է ամբողջովին ազատվել վիճահարույց տարածքները քաղաքին վերադարձնելու պատասխանատվությունից։

Թեև դատախազությունը շարունակում է պնդել, որ ավելի քան մեկ տարվա քննությունն ապացուցել է, որ Դարբինյանը իշխանության տարիներին Վանաձորի կենտրոնական տարածքները յուրայիններին է հանձնել չնչին գներով, այսօր նա այլևս մեղադրյալ չէ, քանի որ անցել է մեղսագրվող հանցագործության վաղեմության ժամկետը։

Փաստացի, օրենքով ևս մեկ լծակ կա՝ այդ տարածքները Վանաձորին վերադարձնելու համար․ քաղաքապետարանը պետք է հայց ներկայացնի քաղաքացիական դատարան վնասը վերականգնելու պահանջով։ Անցած կիրակի Վանաձորում ձևավորված նոր իշխանությունը դրա համար ընդամենը մեկ ամիս ունի։

«Վնասի առկայությունը, դրա չափը, ապօրինի կերպով օտարված գույքերի նկարագիրը, դրանց նյութական արժեքները և այլն, դրանք հաստատված են քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, և քրեական գործի վարույթը, ըստ էության, կարճվել է ոչ թե արդարացնող, այլ ոչ արդարացնող հիմքով, վաղեմությունն անցնելու հիմքով, այսինքն` ինքնին այդ հանցագործությունները կատարված լինելու և այդ հանցագործությունների հետևանքով համայնքի կրած վնասների հանգամանքը, ըստ էության, հաստատված է քրեական գործում, և դատարանը պետք է այդ ամենը հաշվի առնելով քննարկման առարկա դարձնի հայցի բավարարման կամ չբավարարման հարցը», - «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Դարբինյանը Վանաձորի քաղաքապետն էր շուրջ 17 տարի։ Նրա գործունեությանը տարիներ շարունակ հետևող իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարց է բարձրացնում՝ իսկ եթե քաղաքապետարանը չդիմի դատարան, քաղաքից յուրացվածը ո՞վ և ինչպե՞ս է վերադարձնելու. «Չէ, բայց եթե համայնքը չդիմեց, ո՞վ կարող է ստիպել համայնքին, որ դիմի: Ենթադրենք` պարտավորությունը չի կատարում, ո՞րն է մեխանիզմը պարտադրելու, չկա այդպիսի մեխանիզմ»:

Եվս մեկ հարց է՝ դիմելու դեպքում արդյո՞ք քաղաքացիական դատարանը կբավարարի քաղաքապետարանի հայցը՝ համայնքի գույքը վերադարձնելով քաղաքին։ Փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համակարգային փոփոխության կարիք է տեսնում՝ ինչո՞ւ հեղափոխական իշխանությունը չկարողացավ այնպես գործել, որ կոռուպցիայի, յուրացումների, թալանի մեջ կասկածվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից կարողանար հետ վերցնել թալանածը։

«Իրականում շատ ճիշտ է, որ կա վաղեմության ժամկետ օրենքում, բայց մենք ապրել ենք մի ժամանակահատված, երբ մարդու իրավունքները կոպտորեն խախտվել են, և պետության շահերն են կոպտորեն խախտվել, և այդ ամեն ինչի մեջ ներգրավված են եղել և՛ քննիչները, և՛ դատախազները, և՛ դատարանները: Սենց սրա համար էր մեզ անհրաժեշտ անցումային արդարադատության գործիքակազմը, որով հնարավորություն կլիներ առանձին տեսակի գործերով, առանձին իրավիճակի հետ կապված գործերով կիրառել այդ ընթացակարգեր», - ասում է Կարապետյանցը:

Վանաձորում բնակվող իրավապաշտպան Սաքունցն, իր հերթին, հիշում է Դարբինյանի ղեկավարման տարիները, անգամ դատական քաշքշուկի մեջ էր հայտնվել քաղաքապետարանի հետ՝ որոշումները ստանալու համար. «Ավագանին ակնհայտ ապօրինի որոշում էր կայացրել, որ համայնքի գույքի օտարման լիազորությունը տրամադրում է համայնքի ղեկավարին, և այդ որոշումը չէր բողոքարկվել մարզպետի կողմից, այդ որոշումը` որպես նորմատիվ իրավական ակտ, գրանցվում է նաև Արդարադատության նախարարության կողմից: Թե ովքեր էին այդ նորմատիվ իրավական փաստաթուղթը գրանցել, իհարկե, Արդարադատության նախարարությունում նայել էին, թե չէ, բայց բոլոր դեպքերում սա ակնհայտ ապօրինի մեխանիզմ էր, որպեսզի համայնքի ղեկավարը միանձնյա գույքը բաշխի, ինչպես և տեղի էր ունեցել: Ինքը մարզպետարանի շենքի երկու հատվածը կենտրոնական հրապարակում` նախկին ցայտաղբյուրները տրամադրել էր իր տղային` վարչական դատարանի դատավորին որպես սեփականություն»:

Վաղեմության ժամկետով հնարավոր է քրեական պատասխանատվության չենթարկվի նաև պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը մեղադրվում է «ՁորաՀԷԿ-ի» անօրինական օտարման գործով։ Քննիչն է Օհանյանին առաջարկել վաղեմության ժամկետ կիրառել, բայց արդարացում պահանջող Օհանյանը չի համաձայնել։

«Ի դեպ, ասեմ, որ սա ամենաշատ կիրառվող «գործիքներից» մեկն է, որն օգտագործում էր վարույթ իրականացնող մարմինը յուրայիններին պատասխանատվության չենթարկելու համար: Այնքան էր ձգձգվում գործը, սկսած գործի հարուցումից, ավարտված գործի քննությունում, որ ինչ-որ մի էտապում, անպայման, այս վաղեմության ժամկետը կամ վարույթ իրականացնելու պայմաններում, կամ դատարանում կիրառվում էր, ու դա օրենքի տառին համապատասխան, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, «թղթերով ամեն ինչ նորմալ էր լինում»», - ասաց Նինա Կարապետյանցը:

Արթուր Սաքունցի կարծիքով` դատախազությունը կարող է չսպասել Վանաձորի համայնքապետարանին, և ինքը նախաձեռնել Դարբինյանի գույքի ուսումնասիրությունը՝ կիրառելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռանագանձման գործիքը։

Դատախազությունը դեռ չի բացահայտում՝ արդյոք ուսումնասիրում են Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող գույքի ձեռքբերման օրինականությունը, և հնարավոր է առաջիկայում նրա դեմ քննությւոն սկսեն՝ ապօրինի հարստացման փաստով։

XS
SM
MD
LG