Մատչելիության հղումներ

Դեռ պարզ չէ՝ Վանաձորի նախկին քաղաքապետն արդյոք կփոխհատուցի «համայնքին պատճառած վնասը»


Պարզ չէ` Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր ապօրինի գործարքների համար կփոխհատուցին համայնքին, թե ոչ։

Դարբինյանն, ըստ դատարանի, քաղաքի հրապարակի երկու հարակից տարածքները վաճառել է իր հարազատներին, խորհրդային տարիների ահռելի մանկապարտեզի շենքն էլ՝ Հանրապետական կուսակցությանը, որի տեղի կառույցի ղեկավարն է մինչև այսօր։

Թեև 60 միլիոն դրամ համայնքին վերադարձնելու պահանջով համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը դեռ կես տարի առաջ դատի է տվել նախկին քաղաքապետին, բայց համայնքապետարանի 6 հոգանոց իրավաբանական բաժնի աշխատակիցները կամ չեն ներկայանում դատական նիստերին, կամ էլ դատարանից խնդրում են հետաձգել դրանք՝ տարբեր պատճառաբանություններով։ Այս անգամ դատաքննությունը հետաձգվեց մինչև հաջորդ տարի։

Քաղաքը17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանը մանկապարտեզի մոտ 53 միլիոն դրամանոց շենքն, ըստ իրապահների, կադաստրային արժեքից 4,5 անգամ էժան էր վաճառել Հանրապետականին։ Ավելի ուշ հարազատ կուսակցությանը վաճառված 850 քառակուսի մետր տարածքով շենքի մի մասն իր անունով էր փոխել ու դրա սեփականատերը դարձել։

Անցած տարի դատարան հասած գործում անգամ նշվում էր, որ Դարբինյանը նախ վարձակալությամբ, հետո արդեն սեփականության իրավունքով իր ղեկավարած կառույցին էր փոխանցել շենքի հարակից ավելի քան 500 քառակուսի մետր հողամասը, որի դիմաց մինչև այսօր կուսակցությունը համայնքապետարանին պարտք է։ Բայց Սամվել Դարբինյանն այս ամենի համար այդպես էլ պատասխանատվություն չի կրել։

«Այդ շինությունն ապօրինի օտարվել է Հանրապետական կուսակցությանը, որոշ ժամանակ այց այդ շենք-շինությունից մի հատվածը փոխակերպել էր իր անվամբ։ Դրանք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով», - ասաց Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Գաբրիելյանը պնդում է՝ նախկին համայնքապետի մեղքը բացահայտել էին, փաստերը ջրի երես հանել, միևնույնն է՝ ուշ էր. օրենքով նախատեսված 10 տարին արդեն անցել էր, մեկ տարի առաջ՝ գործը դատարան հասնելուց հետո՝ կարճվել։

«Քրեական վարույթը հարուցվել է այն ժամանակ՝ 2019 թվականին, արդեն իսկ հարուցված պայմաններում վաղեմության ժամկետն անցած է եղել», - ասաց դատախազը։

Այս գործով Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդում այլևս չկա, բայց համայնքապետարանը քաղաքացիական հայցով պահանջում է վերականգնել ավելի քան 60 միլիոն դրամի վնասը։

Վանաձորի նախկին քաղաքապետի կողմից շենքերն ու տարածքները չնչին գներով ու ապօրինի վաճառելու, որոշ դեպքերում՝ յուրացնելու վերաբերյալ, նախ քննիչներն են պնդել, իսկ այսօր արդեն Վանաձոր համայնքի ժամանակավոր ղեկավար Արկադի Փելեշյանը՝ դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ։ Միևնույնն է՝ նրա փաստաբանը հերքում է Դարբինյանի մեղքն, առաջ քաշում ավագանու կայացրած որոշումները, որոնցով թույլատրել են քաղաքապետին գին սահմանել ու առանց աճուրդի վաճառել շենքն այդ տարիների իշխանական կուսակցությանը՝ Հանրապետականին։

«Դա եղել է օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ, ինչի պայմաններում համայնքի ղեկավարը չուներ այլ տարբերակ, քան ավագանու ուժի մեջ մտած որոշմամբ՝ սահմանված կարգով ու պայմաններով, գույքի իրացումը՝ ուղիղ վաճառքով, որովհետև Հողային օրենսգիրքը հնարավորություն տալիս է», - ասաց փաստաբանը։

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրվում էր նաև այլ շենք-շինություններ ապօրինի օտարելու, քաղաքի փողոցներն անորակ վերանորոգելու և գումարներ յուրացնելու համար։ Դրանց մի մասը, սակայն, կարճվեց դեռ նախաքննության ընթացքում, մյուս մասով՝ քրեական հետապնդումը դադարեցվեց դատարանում։

Այժմ դեռ մի քրեական գործ կա Դարբինյանի նկատմամբ։ Հայտնի չէ՝ այս գործն ինչ ավարտ կունենա, բայց քրեական գործերով անցած բոլոր տարածքներն էլ նախկինի նման Դարբինյանի ու նրա մտերիմների տիրապետման տակ են, կամ դրանք անարգել վաճառել են այլոց․ Վանաձորի նախկին մշակույթի պալատի շենքը, որ պատմական հուշարձան է համարվել, այսօր Դարբինյանի ընտանիքը առևտրի կենտրոն է դարձրել ու բիզնես է անում։ Հանրապետականի երկհարկանի գրասենյակն էլ բաց էր։ Այստեղ գտնվող կանայք ասացին՝ կառույցի ղեկավարները հազվադեպ են երևում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG