Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին քաղաքապետը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Կադաստր, վաճառել օտարման ոչ ենթակա տարածք. գործը դատարանում է


Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի դեմ գործերից ևս մեկը ուղարկվել է դատարան։ Ըստ դատախազության` Դարբինյանն իր պաշտոնավարման ժամանակ քաղաքի միակ հիվանդանոցի հարակից 85 քառակուսի մետր համայնքապատկան տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել է, թեև տարածքը հիվանդանոց տանող ճանապարհ էր և օտարման ենթակա չէր։

Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն «Ազատությանն» ասաց՝ Դարբինյանն անտեսել է օրենքի պահանջները, կեղծ փաստաթղթեր ներկայացրել Կադաստրի կոմիտե և վաճառել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող տարածքը։

«Ուղղակի վաճառքով 60 հոդվածի տակ ընկնող հողատարածքն օտարել է, բացի այդ, կադաստր ինքը գրություն է գրել, որ սա չի ընկնում 60 հոդվածի տակ, այսինքն՝ ոչ օտարման ենթակա հողատարածքների տակ», - ասաց դատախազը:

Ինչո՞ւ են տարիներ անց իրավապահները անդրադառնում մի բնակարանի չափ այս տարածքին, երբ ավելի մեծ համայնքային տարածքների օտարման գործերը կամ կարճվել են, կամ էլ ուսումնասիրություններից հետո փակվել։ Սա Վանաձորի նախկին համայնքապետի դեմ հարուցված գործերից արդեն երկրորդն է, որ դատարան է հասել։ Առաջին գործով, որ անցած տարի կարճվեց, Սամվել Դարբինյանը մեղադրվում էր քաղաքի 7 տարածքներ ու շենք-շինություններ ապօրինի օտարելու և համայնքին 61 միլիոն դրամի վնաս հասցնելու համար։ Բայց դատարանը համարեց, որ հանցագործությունը կատարվել է ավելի քան 10 տարի առաջ և Դարբինյանի համաձայնությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց առանց արդարացման։ Այժմ Վանաձորի համայնքապետարանը դիմել է դատարան՝ 61 միլիոնի վնասը հատուցելու պահանջով։

Դատաքննությունն սկսվել է։ Հայտնի չէ՝ կհաջողվի համայնքին հետ բերել նախկինում կորցրած տարածքներն, այդ թվում՝ կենտրոնական Հայքի հրապարակի հարակից հատվածները, որ նախկին քաղաքապետը չնչին գներով հանձնել է իր մերձավորներին ու նույնիսկ ընտանիքի անդամներին։

Դատախազն այսօր էլ պնդում է՝ նախկին քաղաքապետը ծանր հանցանք էր կատարել, բայց օրենքը նրան թույլ է տվել ազատվել պատասխանատվությունից. «Ես պնդում եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր են, բայց մենք ղեկավարվում ենք օրենքի կանոններով և չենք կարող չկիրառել վաղեմության ժամկետը, եթե դրանք անցել են»:

Այսօր Սամվել Դարբինյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, ավելի վաղ ասել էր, թե իր դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են, և որ իր պաշտոնավարման 18 տարիներին որևէ անօրինական բան չի արել։

18 տարի Վանաձորը ղեկավարած հանրապետական Սամվել Դարբինյանն իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել հեղափոխությունից հետո, երբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին նրա նկատմամբ՝ տասնյակ միլիոնավոր դրամների վնասի մեղադրանքով։

Ինչպե՞ս է ստացվում, որ նախկին պաշտոնյաների ծանր հանցագործությունները փակվում են անգամ հաստատված հանցանքի դեպքում։ Լոռու դատախազն արդարացի է համարում հանրության դժգոհությունը, որ ծանր հանցագործություններ կատարած նախկին պաշտոնյաները վաղեմության ժամկետի հիմքով ազատվում են պատժից։

«Շատ վատ եմ գնահատում, երբ որ անձը ժամանակին իր հանցագործությունը կատարելու համար չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իր կատարած արարքը ժամանակին չի բացահայտվել, ժամանակին չի ենթարկվել քրեաիրավական … միջոցների, ինչի պատճառներով՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ի վերջո անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից», - նշեց Կարեն Գաբրիելյանը:

2019-ից դատախազությունը Դարբինյանին առնչվող այլ աղմկահարույց հայտարարություններ էր արել, թե նախկին քաղաքապետը մի քանի փողոցների ընթացիկ և հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կոռուպցիոն չարաշահումներ էր թույլ տվել։ Նախաքննական մարմինը փաստեր ուներ, որ ճանապարհների հիմնանորոգման ընթացքում տեղի է ունեցել խարդախություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում նաև փաստաթղթեր են կեղծվել։ Տասնյակ միլիոնների վնասների մասին էր խոսվում։ Ըստ իրավապահների՝ հանցագործությունները կատարվել էին 2014-17 թվականներին, այսինքն՝ պետք է, որ վաղեմության ժամկետը չխանգարեր գործը բացահայտելուն ու մեղավորներին պատժելուն, բայց այս դեպքում էլ Լոռու մարզի դատախազն ասում է՝ քրեական վարույթը կասեցվել է, քանի որ երեք տարի շարունակվող փորձաքննությունները չեն ավարտվում. «Փորձաքննության եզրակացությունը գալու դեպքում երբ որ կտեսնենք՝ անհրաժեշտություն կա, նորից կվերսկսվի»:

Դեռ 2019-ին իրավապահներն ապօրինի էին համարել նաև քաղաքի նախկին մշակույթի տունն ու հարակից շինությունները վաճառելու նախկին քաղաքապետի որոշումը, որով Սամվել Դարբինյանն իր քրոջ փեսային էր օտարել երկհարկանի շենքը։ Այսօր, սակայն, մարզի դատախազն ասում է՝ այս գործը քննել են ու այստեղ հանցանք չեն գտել. «Քրեական գործով նշանակվել էր փորձաքննություն, փորձաքննության արդյունքներով խախտումներ ի հայտ չեն եկել»:

Ավելին՝ Դարբինյանի ընտանիքը նախկին մշակույթի շենքն առևտրի կենտրոն է դարձրել ու բիզնես է անում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG