Ճնշումներով մանդատ վայր չեմ դնի. Հովիկ Աղազարյանը շարունակում է պայքարել

Վարչապետ Փաշինյանը երեկ երեկոյան Ազգային ժողովում հավաքել է թիմակիցներին ու փակ նիստ արել։ Օրակարգի մասին կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հրաժարվեց խոսել, չպատասխանեց նաև, թե արդյոք իրենց թիմակից Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու հարցն են քննարկել։

Հովիկ Աղազարյանն ասաց՝ իր հարցը օրակարգում չի եղել, ընդհանուր քաղաքական թեմաներ են քննարկել, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետի հարցը։

8 օրից ավելի է անցել Նիկոլ Փաշինյանի խնդրանքից, որ Աղազարյանը մանդատը վայր դնի, բայց պատգամավորը ընթացք չի տալիս կուսակցության ղեկավարի խնդրանքին։ Պայքարը շարունակում է, «Ազատությանն» այսօր էլ ասաց՝ որոշում չունի։

«Գործընթացներ կան, որոնք պիտի ավարտվեն, որոնց արդյունքում որոշում կայացվի էլի», - ասաց նա՝ առանց մանրամասնելու՝
գործընթացները խմբակցությունում են, Փաշինյանի կաբինետում, թե ինքն է դեռ երկմտում։

Ասաց, որ երեկվա հանդիպմանը վարչապետին չի մոտեցել, չեն խոսել։

Փաշինյանի մանդատը վայր դնելու խնդրանքով դիմել էր նաև պատգամավոր Նարեկ Զելյանլայնին։ Պատգամավորն արագ արձագանքեց՝ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Նույն կուսակցության անդամ Աղազարյանն անգամ Փաշինյանի հրապարակային խոստովանությունից հետո քայլ չի անում։ Այսօր էլ անհասցե հայտարարեց՝ ճնշումներով որոշում չի կայացնի. - «Այո, ես ճնշումներով մանդատ վայր չեմ դնի»։

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ իրեն առնչվող քրեական գործերը դեռ նախաքննական փուլում են։

Հակակոռուպցիոն կոմիտեն պատգամավորի հեռախոսը դեռ չի վերադարձրել, ութ օր առաջ նրան հինգ ժամ հարցաքննել էին Քննչականի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի մեղադրանքի գործով ու հեռախոսն առգրավվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղազարյանին մանդատի հարցով թիմում «ճնշում են», բայց նա սպասում է Մոսկվայի ընկերոջը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կպակասի մի հավեսին պատգամավոր». ի՞նչ կլինի, եթե Աղազարյանը մանդատը կորցնի



ՔՊ-ական պատգաամվորի մանդատի հարցը ներքաղաքական կյանքի թիվ մեկ ինտրիգն է դարձել։ Իշխող թիմի անդամը, որ Սահմանադրությամբ պաշտպանված է, ասաց՝ իր հարցի վրա շատերն են ուզում ձեռքերը տաքացնել, շեշտեց միայն ընդդիմությունը չէ։

Մինչ իշխանական պատգամավորն իր երկար սպասված որոշումը կկայացնի, իրավական ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ վարչապետ Փաշինյանը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, նա իրավունք չունի խնդրել, որ մանդատը վայր դնի, պատգամավորը պետք է առաջնորդվի իր խղճով ու համոզմունքով։

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.